Alternativ.am-ը գրում է․ «Օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու է շուրջ 1 տարի աշխատավարձ ստացել պետությունից, բայց չի հաճախել աշխատանքի, ասաց, որ դա իր ապրուստի միակ միջոցն է:
«Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է. եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին»,- այսպիսին էր 1 տարի աշխատանքի չհաճախած, սակայն պետական միջոցներից խնամքով օգտված դատավորի պատասխանը:
Նման անսպասելի պատասխանը մեզ դրդեց մի փոքր ուսումնասիրել Վահե Գրիգորյանի անցյալը՝ մասնավորապես փորձելով պարզել, թե արդյոք ապրուստի այլ միջոցներ չունի ՍԴ դատավորը: Բացահայտումները բավական անսպասելի և հետաքրքրական էին:
Հետաքրքիր բացահայտումները կապված են ոչ թե անձամբ Գրիգորյանի, այլ նրա տիկնոջ՝ Ծովինար Բաբայանի հետ:
Պարզվում է՝ Վահե Գրիգորյանի կինը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում բավական հաջողակ գործարար է (համենայն դեպս եղել է մինչև 2019 թվականը):
Ծովինար Բաբայանը 2010 թվականին Լոնդոնում հիմնադրել և տնօրինել է «BABAYAN LTD» ՍՊԸ-ն, որը լուծարվել է 2019 թվականի փետրվարի 19-ին,
2016 թվականին կրկին Անգլիայի մայրաքաղաքում հիմնադրել և տնօրինել է «WANTZ LIMITED» ՍՊԸ-ն, որը լուծարվել է 2019թ. հոկտեմբերի 1-ին,
2017 թվականին նույն քաղաքում հիմնադրել և տնօրինել է «MELIQ LIMITED» ՍՊԸ-ն, որը կրկին լուծարվել է 2019թ. փետրվարի 19-ին:
Կազմակերպություններից մեկը զբաղվել է զարդերի արտադրությամբ և վաճառքով, մյուսը մենեջմենթի խորհրդատվական ծառայություններ է մատուցել, երրորդը զբաղվել է մանրածախ առևտրով:
Ընդ որում, ուշագրավ է, որ 3 ընկերություններն էլ լուծարվել են հենց 2019 թվականին՝ այն շրջանում, երբ Վահե Գրիգորյանը ստանձնել է Սահմանադրական դատավորի պաշտոնը և որոշել ներկայանալ որպես Հայաստանում մշտապես բնակվող, ապրուստի այլ միջոց չունեցող դատավոր:
Ուսումնասիրեցինք նաև Ծովինար Բաբայանի 2019 թվականի հայտարարագիրը. ՍԴ դատավորի կինը ունի բնակարան Երևանում, 25 000 ԱՄՆ դոլար ավանդ, բանկային հաշիվներին ունի 27 893 բրիտանական ֆունտ ստերլինգ (տարվա սկզբին՝ 47 837), 870 582 ՀՀ դրամ և 193 ԱՄՆ դոլար: Ծովինար Մելիքյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 450 000 դրամ:
Ուսումնասիրեցինք նաև Վահե Գրիգորյանի հայտարարագիրը. ՍԴ դատավորը գրեթե ոչինչ չի հայտարարագրել՝ բացառությամբ շուրջ 2 միլիոն դրամ կանխիկ միջոցի:
Հետևություն՝ Վահե Գրիգորյանը ապրուստի միջոցներ ունի, այն էլ՝ բավական շատ, ուղղակի դրանք բոլորը, ընդհուպ մինչև երևանյան բնակարանը, գրանցված են կնոջ՝ Ծովինար Բաբայանի անունով: Իսկ Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի աշխատավարձից և դրան կից բոլոր արտոնություններից օգտվելը «Ավել պատառը փոր չի ծակի» ասույթի փայլուն դրսևորումն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը