Tert.am-ը գրում է․ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելը պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որն ի սկզբանե ուրվագծվում էր, որպես հակաիրավական և հակասահմանադրական։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած տեղեկատվությանն առ այն, որ նախագահը այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
«Մամուլում նույնիսկ տեղեկություն շրջանառվեց, որ Արմեն Սարգսյանն իշխանություններին ի սկզբանե տեղեկացրել է, որ ինքը չի ստորագրելու սահմանադրական փոփոխությունները, և այդ ֆարսի իրականացման համար նա անգամ զիջեց սահմանադրական փոփոխությունները ստորագրելու իր իրավունքը, հրաժարվեց դրանից: Բայց պարզվեց, որ իշխանությունները կոպտագույն սխալ են թույլ տվել և չեն արել փոփոխություն «Սահմանադարկան դատարանի մասին օրենքում»: Մինչդեռ «ՍԴ-ի մասին օրենքում» փոփոխությունը Սահմանադրության մեջ կատարված սահմանադրական փոփոխություների տրամաբամանական շարունակությունն է: Կարծում եմ ՝ Արմեն Սարգսյանի արածը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ: Նա պարզապես հրաժարվում է այս ամբողջ հակաիրավական պրոցեսին մասնակից լինելուց և իրավունք ունի չբացատրել, թե ինչու չի ստորագրում: Բայց մենք հասկանում ենք՝ պատճառը ինչն է․ նա չի ցանկանում մասնակից լինել սահմանադրական հեղաշրջմանը և ձեռքերը լվանում է»:
Արփինե Հովհանիսյանը նշեց, որ այս պարագայում կա երկու ճանապարհ: Առաջինն իրավական է՝ այն է, որ 21 օր պետք է սպասել, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարող է ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները և հրապարակել, ու ուժի մեջ մտնելուց հետո շարունակել ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու հետ կապված պրոցեսը: Երկրորդ ճանապարհն այն է, որ 21-օրյա ժամկետը չի պահվելու և ստորագրելու են այդ փոփոխությունները ավելի շուտ, ինչը, Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ, հակասահմանադրական է և քրեաիրավական արարքների փնջի մեջ կավելացնի ևս մեկը:
Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ՀՀ նախագահի նախորդ ստորագրությունը, որը սահմանափակում էր որոշ առումով իր լիազորությունները, հենց այս տրամաբանության մեջ պետք է տեսնել:
«Նա ստորագրել էր այն պատճառով, որպեսզի զերծ մնար սահմանադրական հեղաշրջմանը մասնակից դառնալուց։ Սա դրա շարունակությունն է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» և այն կետը, որը իրենք ուժը կորցրած են ճանաչում ամբողջությամբ վերարտադրում է Սահմանադրության 213 հոդվածի կարգավորումները և դա ստորագրելով՝ նա մասնակից է դառնում սահմանադրական հեղաշրջմանը»:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նախագահի կայքում այդ տեղեկատվության տեղադրումը «կանաչ լույս է վառում» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար՝Սահմանադրությամբ նախատեսված 21-օրյա ժամկետից ավելի շուտ ստորագրելու համար. «Սահմանադրության հերթական ապօրինի և այլասերված մեկնաբանությունը կլինի այս դեպքում, ստորագրումը և հրապարակումը ևս կլինի հակասահմանադրական»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը