30 06 2020

ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում․ սահմանադրագետ

ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու այսօր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները։

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝

Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը 21-օրյա ժամկետում կա՛մ ստորագրում է, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան։

Եթե Հանրապետության նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում նշված երկու գործողություններից որևէ մեկը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Նշվածից բխում է, որ Ազգային ժողովի նախագահը դեռևս չի կարող ստորագրել այսօր ընդունված օրենքների նախագիծն անկախ Հանրապետության նախագահի կողմից տարածված հաղորդագրության, և պարտավոր է սպասել մինչև հուլիսի 22-ը։

Սա իր հերթին նշանակում է, որ հունիսի 22-ից Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում և դեռևս շատ խնդիրների առջև է կանգնեցնելու մեր պետությանը՝ հեռու հանգուցալուծումից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ