Իսկ ինչ վերաբերվում է սահմանադրական նոր փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություններին, որոնք պետք է ստորագրեն ՍԴ երեք անդամները, ապա Ղազարյանը հավաստիացրեց, որ մինչ օրս նմանօրինակ փաստաթուղթ ՍԴ մուտք չի եղել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները: Խաչատրյանն այսօր անգամ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որը նրան շնորհավորել է ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ։
Ավելի ուշ 168.am կայքի հետ զրույցում ՍԴ դատավորը հայտարարել է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր:
«Պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ»,–հայտարարել էր նա։
Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի անդամներից մեկի վրա նախապես դնում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունը, իսկ փոխարինողի բացակայության դեպքում սահմանադրական դատարանի նախագահին փոխարինում է սահմանադրական դատարանի տարիքով ավագ անդամը: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել է նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ նախագահի պարտականությունները մինչեւ նոր նախագահի ընտրությունները, իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՍԴ տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է։
ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ մամուլից է տեղեկացել, որ ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են Աշոտ Խաչատրյանի վրա։ Գյուլումյանը հայտնեց, որ այդ հարցի կապակցությամբ Խաչատրյանի հետ որևէ խոսակցություն չի ունեցել, նրա հետ ունի գործընկերային, լավ հարաբերություններ ունի։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Խաչատրյանը պայմանավորվածությունների է գնացել իշխանությունների հետ, տեղյակ լինելով, որ Ձեր վրա են դրված ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, Գյուլումյանն արձագանքեց.
«Չէի ցանկանա որևէ գնահատական տալ այդ հարցի առնչությամբ»,– ապա հավելեց.
«Սա իրավունք չէ, սա արդեն քաղաքականություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը