25 06 2020

Իրենք դարձան քաղաքական դիակ, ինչպես ասում է վարչապետը. Օրբելյանը՝ ԼՀԿ մասին․ News.am

Իրենք դարձան քաղաքական դիակ, ինչպես ասում է վարչապետը. Օրբելյանը՝ ԼՀԿ մասին․ News.am

News.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի համար կարեւոր է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների՝ Սահմանադրական դատարան չդիմելու պատճառն իրենք չլինեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, եւ ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ՍԴ-ից հետ է վերցրել դիմումները, որից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, թե առաջին ատյանի դատարանը նույնպես ՍԴ է դիմել Ռոբերտ Քոչարյանի գործով, այդ պատճառով իրենք չեն դիմելու ՍԴ։

«Մենք մեր ասուլիսի ժամանակ հայտնել ենք, որ Առաջին ատյանի դատարանը նույնպես դիմել է։ Ցավում եմ, որ Տարոն Սիմոնյանը մոռացել է, որ ինքն իրավաբան է, եւ մտել է քաղաքական առեւտրի մեջ։ Պարզ հարց է դրված. մենք մեր կողմից արել ենք մեր քայլը եւ գնացել մեր դիմումները հետ ենք վերցրել. կարճվե՞լ է գործը՝ ոչ ,կկարճվի՞ չգիտեմ»,- ասաց փաստաբանը։

Օրբելյանը նշեց, որ խմբակցության՝ ՍԴ դիմել կամ չդիմելը չպետք է կապեն Ռոբերտ Քոչարյանի գործի քննության հետ. «Մենք մի հայտարարություն ենք արել, որ խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք ձեր քաղաքական անկարողության եւ իրավական գիտելիքների պակասը մեզնով չարդարացնենք։ Այսինքն՝ մարդու իրավունքների վերաբերյալ դատարանում գործ է քննվում, եւ իրենք ասում են՝ այդ գործից թող հրաժարվեն։ Եթե իրենց մտածելակերպն այդքանն է, ուրեմն թող իրենց մանդատը վայր դնեն ու Հայաստանի Հանրապետությունից հեռանան, չերեւան այս երկրում, որովհետեւ նման պատգամավորներ մեզ պետք չեն։ Ավելի լավ է ասեն՝ մենք գտնում ենք, որ հիմք չկա, գտնում ենք, որ Սահմանադրությունը չի խախտվել, գտնում ենք, որ ոչ մի հարց չկա, ուղղակի վախենում ենք, որ մեզ կկապեն Քոչարյանի հետ. վախենում եք՝ մի աշխատեք։ Այսքանն է արգումենտացիան»։

Օրբելյանն ասաց, որ եթե «Լուսավոր Հայաստանը» խնդիր ունի Սահմանադրական դատարանի հետ, ապա թող հենց այդ խնդրի տիրույթում լինեն քննարկումները. «Պարզ հարց է, մենք հստակ ասել ենք. ժողովուրդ ջան, դուք Քոչարյանի եւ Քոչարյանի փաստաբանական թիմի անունն եք շոշափել, մենք էլ եկել ու հետ ենք վերցրել մեր դիմումը։ Սահմանադրական դատարանի հետ խնդիր ունե՞ք, խնդրեմ՝ քննարկեք. ՍԴ-ն նիստերը լավ չի անում, վատ է անում, մենք ուզում ենք իրենց հեռացնենք ու հետո դիմենք. ինչ ուզում եք՝ ասեք, բայց մեր անունը մի շոշափեք»։

Փաստաբանը նկատեց, որ ընդդիմադիր ուժը փոխարենը քննադատի իշխանության գործունեությունը, քննադատում է փաստաբաններին. «Տարօրինակն այն է, որ իշխանության մասին չի էլ խոսում, քննադատում է փաստաբանական թիմի ինչ-որ գործընթացներ։ Մոռացել են, որ իշխանական կուսակցությունը Սահմանադրության կոպիտ խախտմամբ Սահմանդրություն է փոխել։ Դրա մասին լռել են ու չեն խոսում, դա նորմա՞լ է։ Իրենք այսօր դարձան քաղաքական դիակ, ինչպես ասում է վարչապետը»։

Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եթե իրենց հարցներ փաստաբանական թիմը, ապա իրենք կասեին, որ պետք չէ հետ վերցնել դիմումները, Օրբելյանն ասաց. «Ինքն ո՞վ է, որ իրեն հարցնենք՝ դիմում հետ վերցնենք, թե ոչ։ Մեզ համար միեւնույն է, ինքը դա կստորագրի՞, թե՞ չի ստորագրի. իրենց որոշելու հարցն է դա։ Եվ ինչո՞ւ ես պիտի զանգեմ ինչ-որ պատգամավորի ու հարցնեմ՝ դիմե՞մ, թե՞ չդիմեմ։ Մենք ձեզ ազատել ենք այդ կաշկանդվածությունից։ Չես ուզում դիմել, մի դիմի։ Ես իմ գործն արել եմ ու հետ եմ վերցրել։ Ինձ համար կարեւոր է, որ իրենց չդիմելու պատճառը մենք չլինենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ