20 06 2020

Արսեն Նիկողոսյանն աննախադեպ բարձր գին է սահմանել․ «Հրապարակ»

Արսեն Նիկողոսյանն աննախադեպ բարձր գին է սահմանել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «2 միլիարդ դրամ՝ 4 միլիոն դոլար․ չլսված գրավ էր Հայաստանի դատարանների պատմության մեջ։ Երկրորդ նախագահ Քոչարյանի ազատությունն այսքան է գնահատել վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Կարծիք կա, որ նա աննախադեպ գրավը կիրառել է իր ընդունած որոշման «վտանգավորությունը» քաղաքական իշխանության համար հավասարակշռելու նպատակով։ Ցանկացել է ցույց տալ, որ թեեւ Քոչարյանին ազատում է կալանքից, սակայն գիտակցում է, թե ինչ ահռելի ռիսկ է պարունակում այս որոշումը։

Ոչ մեկի ասածը չէր ուզում անել

Արսեն Նիկողոսյանը երկար տարիներ աշխատել է հարկային մարմինների, ՊԵԿ-ի իրավական բլոկում։ Նրա նախկին կոլեգաները, ընկերները պատմում են, որ նա հայտնի է անկախ վարքով ու հաճախ է պաշտոններին հրաժեշտ տվել հենց այն պատճառով, որ «ոչ մեկի ասածը չէր ուզում անել, եթե դա հակասում էր օրենքին»։ Արսեն Նիկողոսյանը զբաղվել է դասախոսական գործունեությամբ, որպես փորձագետ՝ վերլուծություններ է հրապարակել։ Սովորել է Ֆլետչերի դպրոցում, իսկ իրավաբանականում փայլուն ուսանող է եղել։ Դատավոր է նշանակվել 2016 թվականին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Ասում են, վերադասների կամքը չկատարելու բնավորության պատճառով նա քիչ է մնացել դատավոր չդառնա։ Կարծիքներ կան, սակայն, որ Քոչարյանին ազատելու որոշումը կանխորոշված է եղել ոչ այնքան դատավոր Նիկողոսյանի անձնական ու մասնագիտական հատկանիշներով, որքան Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցով, որը ծրագրված է հունիսի 24-ին։ Սակայն այս լուրերը, պարզվեց, իրականությունից կտրված են, քանզի երեկ կեսօրից հետո Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինին նամակ հրապարակեց, որտեղ ափսոսանք էր հայտնում, որ չի կարող ներկա գտնվել զորահանդեսին։

Հունիսի 18-ի նիստից հետո Քոչարյանի կողմնակիցները դեռ չէին կարողանում վստահ ասել, թե իրենց պաշտպանյալը, որի ողջ գույքը կալանքի տակ է, եւ որն անհրաժեշտ գումարը հավաքելու համար պետք է գրավադրի իր զավակներին պատկանող գույքը, կկարողանա՞ վճարել պահանջվող գումարը։ Երեկ՝ հունիսի 19-ին, փաստաբանները հայտարարեցին, որ հնարավոր է մինչեւ օրվա վերջ հավաքեն պահանջվող գումարը, քանի որ բազմաթիվ մարդիկ պատրաստ են որոշակի գումար տրամադրելով, մասնակցել գրավի վճարմանը։ Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ Քոչարյանի ընտանիքը կվճարի 4 մլն դոլարը կամ գոնե բազմաթիվ սատարողներ կունենա՝ առնվազն այն անձանց թվում, որոնք իրենց հարստությամբ պարտական են երկրորդ նախագահին։ Պատահական չէ, որ գրավը «մուծողների» թվում շրջանառվում են օլիգարխների անուններ՝ Կարեն Կարապետյան, Տաշիրի Սամո, Արմեն Գինոսյան։ Սակայն շատերին հուզող հարցն այն է, թե ինչ սկզբունքով է դատավորն ընտրել հենց այս չափը։ Մանավանդ, որ այն մի քանի անգամ տարբերվում է Նոր Հայաստանում ընտրված աստղաբաշխական չափերի գրավներից։ Ամենամոտը, թերեւս, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի գրավն էր՝ 1 մլրդ դրամ, որը, սակայն, բողոքարկման արդյունքում իջեցվեց, հասավ՝ 50 մլն դրամի։   

Ինչից է բխեցրել գրավի չափը 

Թե ինչպես է հիմնավորել դատավոր Նիկողոսյանը 4 մլն դոլարից ավելի գրավի չափը, Քոչարյանի փաստաբանները դեռ չգիտեն։ «Առայժմ ունենք եզրափակիչ մասը, որի հիման վրա կարող է գրավը վճարվել։ Որոշման պատճառաբանական, ներառական, նկարագրական մասերն ամբողջ տեքստի մեջ պետք է լինեն, եւ երբ ունենանք, էն ժամանակ կհասկանանք, թե ինչից է դատավորը բխեցրել չափը»,- ասաց երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ճիշտ չէ՞, արդյոք, վերադառնալ նախկին պրակտիկային ու գրավի առավելագույն չափ սահմանել, որովհետեւ վերջին երկու տարում անտրամաբանական գրավի չափ է սահմանվում։ «Առավելագույն չափ սահմանելը, իհարկե, սխալ է, բայց ցանկացած կոնկրետ դեպքում, երբ որ դատավորը չափ է որոշում, նախ, դատարանի որոշումը չափի մասով պիտի լինի լավ պատճառաբանված, երկրորդն էլ՝ այդ չափը չպետք է զգալիորեն շեղվի մինչեւ այդ գոյություն ունեցող դատական պրակտիկայից։ Սա իմ կարծիքն է։ Ճիշտ է, կնայենք, թե դատարանն ինչպես է պատճառաբանել, բայց դատարանը եթե ուզում է, որ այս չափի մասին իր զրահանգումները հիմնավոր թվան, նախ պետք է պատճառաբանի, ապա նաեւ զուգահեռներ անցկացնի մինչեւ այդ գոյություն ունեցած դեպքերի հետ»։ Կբողոքարկե՞ք գրավի չափը, անկախ նրանից՝ կկարողանաք վճարել այն, թե ոչ։ «Իմ կարծիքն այն է, որ պետք է բողոքարկվի։

Բայց նաեւ մյուս փաստաբանները պետք է իրենց կարծիքն ասեն։ Դեռ չենք քննարկել։ Բայց ոչ միայն չափը պետք է բողոքարկվի, այլեւ առաջին հերթին պետք է բողոքարկվի, թե, առհասարակ, ինչու պետք է որեւէ խափանման միջոց կիրառվի։ Որեւէ տեսակի խափանման միջոց չի եղել պարոն Քոչարյանի նկատմամբ 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը։ Նա եղել է ազատության մեջ եւ մազաչափ անգամ չի խախտել ազատ արձակման պայմանները, եւ ինչո՞ւ պետք է հիմա ինչ-որ մեկը մտավախություն ունենա, որ կխախտի։ Մանավանդ, որ էն ժամանակ քննությունը դեռ ապացուցման փուլում էր, եւ ազդեցության հավանականությունն այն ժամանակ ավելի մեծ էր․ դա էլ ֆիքսել է առաջին ատյանի դատարանը։ Երկրորդը․ եթե պիտի կիրառվի, ինչո՞ւ անձնական երաշխավորություն չպիտի կիրառվի։ Եվ երրորդը միայն՝ ինչո՞ւ է այս չափի մեծ գրավ կիրառվում»,- պատասխանեց Հայկ Ալումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ