Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը հետաձգվել է, կշարունակվի հունիսի 19-ին՝ առավոտյան 10։30-ին։ Փաստաբանը նշեց, որ գործի ծավալը մեծ է, որոշվել է շարունակել վաղը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է։
Նա նշեց․ «Այս քրգործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում։ Օրենքը հստակ ասում է, որ ընտրակաշառքի գործերը միայն ՀՔԾ-ում պետք է քննեն։ Լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, հիմնավորել, որ այստեղ քաղաքական գործընթացներ են ընթանում ոչ թե քրեական։
Այս փաստաթղթերը, որոնք դրվել են հիմքում, հայտնաբերվել են փետրվարի 5-ին։ Փետրվարի 6-ին հարց է տրվել կոնկրետ անձի, որ տպավորություն է, որ ձայներ են գնվել։ Հարցի պատասխանը չի հնչել և 4 ամիս հետո Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո վերհիշեցին և նույն անձին նորից հարցաքննեցին, նոր տվյալ չստացան։ Նույն փաստաթուղթը ամսի 10-ին զննում են և գործ հարուցում։ Այսինքն կա մի փաստաթուղթ, որը փետրվարի 5-ին հանցագործության հատկանիշներ չէր պարունակում, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո հանկարծ սկսեց պարունակել առանց նոր տվյալների ձեռքբերման։
Նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ կարծում է՝ Ծառուկյանը անհանգստած է քրգործերի հարցով։ Այսինքն հայտարարություն է արվում, որ կան քրգործեր ընտրակաշառքի վերաբերյալ, բայց այդ պահին գործեր չեն եղել։ Սա առաջին փաստն է, որը վկայում է, որ քաղաքական ասպեկտներ են առկա։
Միջնորդությունը մուտքագրվել է հունիսի 15-ին առնվազն 18։18-ին, սակայն միջնորդության մեջ հղում է կատարվել կոնկրետ ապացույցի, որը ձեռք է բերվել դրանից հետո 19։00-ին։ 18։18-ին ասում են, որ ստացել են միջնորդությունները, բովանդակության մեջ ներգրավված են մի ժամ հետոյի տվյլաներ, ինչը ակնհայտ նշանակում է, որ այստեղ եղել են պայմանավորվածություններ տարբեր պետական մարմինների միջև։ Մենք հիմնավորեցինք, որ այս պրոցեսները մանրամասն հաշվարկված են եղել, և խիստ անհրաժեշտ է եղել 15-ին ներկայացնելը միջնորդությունը, որպեսզի 16-ի լիագումար նիստում հարցը քննարկեն։ Հիմնավորեցինք, որ այստեղ կա քաղաքական խնդիր։ Առերևույթ օրինական տեսք տված գործողություններ են տեղի ունենում, բայց իրականում կա քողարկված օրակարգ, որի նպատակն է անձանց մեկուսացնելը, քննադատությունը լռեցնելը»,- նշեց փաստաբանը՝ կրկին պարզաբանելով, որ ստացվում է, որ ցուցմունքի հարցաքննությունը ավարտվել է 19։00-ին, բայց միջնորդության բովանդակության մեջ նշված է, որ ստացել են 18։18-ից շուտ։
ԲՀԿ նախագահն իր հերթին կարճ ճեպազրույց ունեցավ և կրկին շեշտեց, որ գործը շինծու է և քաղաքական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը