18 06 2020

Ձեր նպատակը ավելի շատ իմ որոշման վրա ազդելն է, քան՝ հասարակության մտածելակերպի. դատավորը՝ Եգորյանին

Ձեր նպատակը ավելի շատ իմ որոշման վրա ազդելն է, քան՝ հասարակության մտածելակերպի. դատավորը՝ Եգորյանին

Վերաքննքիչ քրեական դատարանում տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու մինջնորդություն ներկայացրածներից նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին, ասաց՝ վերջինը Քոչարյանի համախոհն է։

«Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է լինի կոնսենսունս մինուս մեկ քաղաքական ձևաչափ»,-ներկայացնում էր Եգորյանը, երբ դատավոր Արսեն Նիկողոսյանն ընդհատեց նրան՝ նկատելով, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

Փաստաբանը բացատրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ պետք է քաղաքական դաշտը կոնսոլիդացվի, դրանից դուրս մնա մի հոգի, և այդ մի հոգին գործող վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ես ի՞նչ պիտի անեմ այդ փաստի հետ, համաձայնվե՞մ, չհամաձայնվե՞մ, ի՞նչ անեմ»,-ծիծաղելով հարցրեց դատավորը։

Հարցը առաջացրեց թե՛ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի, թե՛ ելույթ ունեցող Տիգրան Եգորյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Վարդևանյանի ու դատարանում մյուս ներկաների ծիծաղը։
Սա իրավական պրոցես է, ես քաղաքական գործիչ չեմ, դա ինձ չի հետաքրքրում, տնտեսական գործունեություն ևս չեմ իրականացրել և դա ևս հետաքրքիր չէ։ Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստին ասաց նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ դիմելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ հորդորելով կարծիք հայտնել Ռոբերտ Քոչարյանի վարքագծի տեսանկյունից։ 

Անձնական երաշխավորողների մասին Եգորյանի հայտարարությունները լսելուց հետո նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն ասաց, որ, թեև լսում է պարոն Եգորյանի հայտարարությունը, բայց անհրաժեշտ է փաստեր։

«Մենք իրավաբանների համայնք ենք և ժյուրիի դատարան չունենք, պրոֆեսիոնալ դատավոր է և իրավական փաստերի, փաստական հանգամանքների հիման վրա պետք է գնահատի, այո, ես կարող եմ նշել, որ պարոն Եգորյանը նման հայտարարություն է արել, բայց ես չտեսա դրա հիմքերը և ստիպված չեմ անդրադառնում։ Հիմա արդյո՞ք Ձեր հայտարարությունը կլինի այն ազդեցությունն ունեցողը, որը Դուք ձգտում էիք։ Երևի՝ այդքան չի լինի, այսինքն՝ կդառնա միայն լրագրողների սեփականությունը, իսկ Ձեր նպատակը կարծում եմ ավելի շատ իմ որոշման վրա ազդելն է, քան՝ հասարակության մտածելակերպի, որովհետև ես պրոֆեսիոնալ դատավոր եմ և ինչ էլ մտածի հասարակությունը, եթե ես չեմ կարող իմ որոշումը կայացնել իրավական փաստերի վրա, ուրեմն լավ կլիներ, որ ես դատավոր չլինեի »,- ասաց Նիկողոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ