Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով, ինչպես նաև տուժող կողմի իրավահաջորդին լսելու անհրաժեշտությամբ։
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին՝ ժամը 10։00-ին։
Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը