Իշխանությունը լրագրողներին լռեցնելու համար օգտագործում է ոստիկանությանը: Այս մասին գրված է «Մեդիապաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում:
«Գագիկ Ծառուկյանի` ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո, լրագրողներն՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այսպիսով՝ տապալվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի ասուլիսը և, փաստացի, լրագրողները չեն կարողացել անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը, իսկ հասարակությունը զրկվել է լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Բռնության արդյունքում տուժել են բազմաթիվ լրագրողներ, վնասվել է լրագրողների տեխնիկան։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրագրողներին չընկրկել ոստիկանական բռնությունների դեմ։ Լրագրողական համայնքն այս պահին պետք է միասնական լինի։ Իշխանությունը նման գործելաոճով՝ ոստիկաններին թույլ տալով լրագրողների վրա ճնշում գործադրել, փորձում է իշխանահաճո լրատվություն ձևավորել ու խոչընդոտում է խոսքի ազատությանը։ Ոստիկանության կողմից ուժի կիրառումը հակասում է իշխանության հռչակած սկզբունքներին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սատարում է լրատվական համայնքին։ Լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքով դիմելու ենք միջազգային կառույցներին։ Հարցը բարձրացնելու ենք միջազգային իրավապաշտպան կառույցների հարթակում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս ամենը որակում է որպես իշխանությունների անճարության դրսևորում և կոչ է անում հասարակությանը սատարել լրատվական համայնքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը