«Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Մեր երկրում արդեն 85 օր է՝ ինչ արգելված են խաղաղ հավաքները։ Ի սպառ են արգելված։ Մարտի 16-ին դա դեռ հասկանալի էր - նոր էր մտցվում արտակարգ դրությունը, ժամանակը չէր մտածելու այլ բաների մասին, հանրության բոլոր հատվածները «համերաշխության սպասումի» ռեժիմում էր։
Բայց արի ու տես՝ համերաշխության փոխարեն ստացանք խայտառակությունների մի մեծ շղթա. նախ, իշխանությունը ոտքից գլուխ տապալեց վարակը սանձելու սրբազան առաքելությունը։ Պատերազմական բառապաշարով ասած՝ Լենինգրադն էլ կորցրեց, Ստալինգրադն էլ, Մոսկվան էլ։ Եվ երկրորդը՝ սկսեց օգտվել խաղաղ հավաքների ազատության արգելքից՝ տարբեր վիճելի օրենքներ ու կոնվենցիաներ անցկացնելու, քրգործեր կարելու համար։
Օր-օրի «համերաշխության սպասումը» մահացավ և դրան փոխարինելու եկավ դժգոհությունն ու ցասումը, իսկ դրանց արտահայտման թիվ 1 ժողովրդավարական ձևը խաղաղ հավաքներն են։
Ի՞նչ արեց իշխանությունը։ Հրահանգեց ոստիկանությանը ամենախիստ ձևով խափանել քաղաքական երանգ ունեցող ցանկացած ակցիա՝ անկախ հավաքի հասկացությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցից, անկախ մասնակիցների քանակից, անկախ հակահամաճարակային ցուցումները (դիմակ, հեռավորություն) պահպանելուց կամ չպահպանելուց, անկախ ինքնաբուխ, շտապ կամ սովորական լինելուց։ Դա սկսեց կոնկրետ մայիսի 13-ի երեկոյան՝ արտակարգ դրության 58-րդ օրը, երբ մի քանի քաղաքացիներ բողոքում էին «հեծանվի գործով» անցնող Արթուր Ալեքսանյանի ձերբակալման դեմ (հետագայում պարզվեց՝ ո՛չ ձերբակալումն էր իրավաչափ, ո՛չ կալանքը):
Դրանից հետո վարչական ձերբակալման ենթարկվեցին տասնյակ անձինք՝ տարբեր առիթներով, տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, պարզապես բողոքող քաղացիներ։ Ընդ որում՝ միայն Փաշինյանի ընդդիմախոսները։ Օրինակ՝ «դրուժիննիկների ակցիան» - մարդկանց դիմակներ դնելու մասին իբր իրազեկելը, որ մեկնարկեց 2 օր առաջ ու հանգեցրեց «գնդապետ-փորձագետ» հայտնի միջադեպին՝ ոչ միայն չի խափանվում, այլև խրախուսվում է։
Հաշված օրեր են մնացել արտակարգ դրությունն արդեն երրորդ անգամ երկարացնելուն, և պետք է վերստին որոշվի յուրաքանչյուր կոնկրետ սահմանափակման «ճակատագիրը»։ Ես այն համոզմանն եմ, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքը վաղուց անհամաչափ է և պետք է վերացվի (փոխարենը պետք է դրվի հակահամաճարակային կանոնները պահպանելու պահանջ)։ Ընդ որում, ի տարբերություն նախորդ երկարացման ժամանակի (մայիսի կեսեր)՝ այս անգամ մենք ունենք նոր փաստեր՝
1) ինքնաբուխ հավաքները կամ նույնիսկ ակցիաները կոշտ ձևով դադարեցվում են։
2) կոշտ ձևով դադարեցվում են միայն ընդդիմադիր ակցիաները. պրոքայլական ակցիաները լավ էլ խրախուսվում են։
3) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ «հանրային հավաքներ» բաժնում, տեղեկանում ենք, որ կոնկրետ քաղաքացի՝ Գրիշա Վիրաբյանը նախապես իրազեկել է, որ հունիսի 15-ին Ազատության հրապարակում իրականացնելու է հանրահավաք։ Իրազեկումն ընդունված է ի գիտություն (չի արգելված)։ Սա առաջին իրազեկված (այսինքն՝ ոչ «ինքնաբուխ», ոչ «շտապ») հանրային հավաքն է ամիսներ ի վեր։
Իհարկե, քայլականները չեն գնա խաղաղ հավաքների տոտալ արգելքը վերացնելու քայլին։ Ուստի այստեղ անելիք ունեն ընդդիմադիր 43 պատգամավորները՝ (1) ԱԺ-ում արտակարգ դրության երկարացումը քննարկելիս օրակարգ բերել այս արգելքը վերացնելու հարցը, (2) շտապ դիմել Սահմանադրական դատարան՝ այս ակնհայտ հակասահմանադրական արգելքը վերացնելու պահանջով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը