«Իմ Ձայնը» նախագիծը պատրաստած ու տարածած հոդվածում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին։
«ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի հրապարակումից անմիջապես հետո այն դարձավ հանրային քննարկման լուրջ առարկա։ Կարծիքի վերաբերյալ, բացի մասնագետներից, չզլացան տարատեսակ եզրահանգումներ անել իրավագիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ։ Միատեսակ, մեկ կենտրոնից ուղղորդվող վերլուծություններ արեցին նաև իշխանական թևի պատգամավորները, որոնք երբևէ ՄԻԵԴ որոշումներին անդրադարձ չեն կատարում։ Այդ ամենը մեկ անգամ ևս փաստեց, որ գործընթացն իշխանության համար իրապես քաղաքական է։
Որոնք են ակնկալիքները ՄԻԵԴ կարծիքից
Առաջին և կարևոր հարցը կայանում է նրանում, թե ով է կարծիքի իրական հասցեատերը, ով ինչ ակնկալիք ուներ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքից, ում էր անհրաժեշտ կարծիքը և ի վերջո ինչպիսի ուղենիշներ է սահմանել ՄԻԵԴ-ը։
Նախ ֆիքսենք, որ կարծիքը ուղենիշ է ՀՀ Սահմանադրական դատարանի համար, ուղենիշ է կոնկրետ հարցերի վերաբերյալ, և ամենևին անձի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ եզրահանգումներ չէր կարող պարունակել։ 16-րդ արձանագրության հիման վրա խորհրդատվական կարծիք տալուց ՄԻԵԴ-ը չէր կարող արձանագրել՝ կա՞ խախտում, թե՞ ոչ, որովհետև 16-րդ արձանագրությունն ուղղակիորեն դա բացառում է: Այն վեճ չի լուծում, այն անհատական դիմում չէ: Այստեղ խախտում արձանագրել-չարձանագրելու խնդիր չէր կարող դրվել։
Այս փաստաթղթի իմաստը ոչ թե Եվրոպական դատարանից վեճի լուծում ակնկալելն էր, այլ կարծիքը հայցող դատարանին, այսինքն ՍԴ-ին գործը լուծելիս որոշակի ուղղորդում տալն էր կոնվենցիոն հարցերի վերաբերյալ, ինչն էլ արել է դատարանը։ Անդրադառնալով իր ուղենիշային նախադեպերին` ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը պետք է տա իրավական գնահատականներ։
Կարծիքի հետ կապված շահարկվող առաջին հարցն այն էր, որ ՄԻԵԴ-ը չի պատասխանել երկու հարցի։ Կարծիքն ուշադիր ուսումնասիրելու պարագայում, ակնհայտ է, որ առաջին երկու հարցերին դատարանն անդրադարձել է երրորդ հարցի շրջանակներում։ Հարցի իմաստը կայանում էր նրանում, թե արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
Եվ այսպես, ինչ է սահմանել ՄԻԵԴ-ը. բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի
ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում հանցակազմի տարրերի տեսանկյունից: Ինչ վերաբերում է այսպես կոչված «բլանկետային հղումներին», այդ կապակցությամբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Թե՛ լիազորող նորմը, և թե՛ իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տան անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: Պահանջը հավասարապես վերաբերելի է այնպիսի իրավիճակներին, երբ իրավական նորմը լիազորող նորմից ավելի բարձր իրավական սանդղակում է։ Բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի: Մինչդեռ` 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում որակական մի շարք հատկանիշների` հստակություն, կանխատեսելիություն և մատչելիություն։ Ավելին, Սահմանադրության համապատասխան հոդվածներն ընդլայնում են 300.1-րդ հոդվածի քրեականացման շրջանակը։ 300.1-րդ հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով:
Հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով
Անդրադառնալով ՍԴ չորրորդ հարցին, որը վերաբերում էր արդեն իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով սահմանվող չափորոշիչին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, այդ երկու հոդվածները համադրելիս պետք է նայել նաև նախորդ պրակտիկան, պետք է նայել նաև երկրի մեկնաբանման կանոնները։ Արձանագրվել է նաև, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն Դատարանը միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը ֆիքսել է նաև մի կարևոր բանաձև, համաձայն որի հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել:
Սրանք այն հարցերի պատասխաններն են, որոնք բազմաթիվ իրավաբանների վեճի առարկա են։ Իսկ եթե կա վեճ, ապա նշանակում է, որ իրավական նորմում իսկապես առկա է խնդիր, որը պետք է վերջնական պարզաբանում ստանա ՍԴ որոշմամբ։ Սա որևէ մեկի հաղթանակը կամ պարտությունը չէ, սա արդարադատության հաղթանակն է։ Սակայն այն ունի իր գինը, որովհետև այդպիսի հաղթանակները ծանր հետևանք են թողնում հատկապես պետության վարկանիշի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը