30 05 2020

ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ

ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու Փաստաբան (QC) Էդվարդ Ֆիցգերալդի կարծիքն իմանալու համար Yerevan.Today-ը դիմեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին: 

Ստորև հրապարակում ենք Էդվարդ Ֆիցգերալդի՝ մեզ տրամադրված կարծիքը.

«Նախևառաջ հարկ է նշել, որ սկսած 2018 թվականից, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունը ուժի մեջ մտավ, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային նշանակություն է ձեռք բերել: Այն պարունակում է բավականաչափ խորքային հիմնավորումներ և պատճառաբանություններ։ Իհարկե, դրա վերաբերյալ կլինեն տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ, բայց մի բան կարող ենք հստակ արձանագրել, որ ՄԻԵԴ-ն անկնհայտորեն խնդիր է տեսնում 300.1-րդ քրեական նորմի հետադարձ ուժի վերաբերյալ և վերջինիս իրավական որոշակիության հետ։ Անդրադառնալով իր ուղենիշային նախադեպերին` ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը պետք է տա իրավական գնահատականներ` արդյոք 300.1-րդ հոդվածը վատթարացնում է նախագահ Քոչարյանի վիճակը, և արդյոք այդ քրեական նորմը պարունակում է նոր հանցակազմ։

Ուզում եմ նշել, որ ՄԻԵԴ-ը առաջարկել է նաև մի հետաքրքիր բանաձև, այն է` հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ, և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ «7-իգործով», երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Այս գործերի վերաբերյալ միջազգային կառույցները հնչեցրել են նաև թե՛ քաղաքական և թե՛ իրավական գնակատակներ։

Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը որևէ գործ քննելիս առանձնակի ուշադրություն է դարձնում կոնկրետ գործի փաստական հանգամանքներին և ներպետական դատական պրակտիկային, երբ գնահատում է կատարված արարքի պատժելիությունը արարքի կատարման պահին գործող իրավական նորմի լույսի ներքո (ընդգծում եմ «կատարման պահին գործող», այսինքն` 300-րդ հոդվածը): ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն վերջինս առանձնակի կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: 

Ինչ վերաբերում է այսպես կոչված «բլանկետային հղումներին», այդ կապակցությամբ ՄԻԵԴ-նարձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Թե՛ լիազորող նորմը և թե՛ իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տան անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: Պահանջը հավասարապես վերաբերելի է այնպիսի իրավիճակներին, երբ իրավական նորմը լիազորող նորմից ավելի բարձր իրավական սանդղակում է:

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում` հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի: 

Այսպիսով` 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում որակական մի շարք հատկանիշների` հստակություն, կանխատեսելիություն և մատչելիություն։ Ավելին, Սահմանադրության համապատասխան հոդվածներն ընդլայնում են 300.1-րդ հոդվածի քրեականացման շրջանակը։

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Արձանագրությունը հնարավորություն է ընձեռել Անդամ երկրների բարձրագույն դատական ատյաններին` Կոնվենցիայի նորմերի կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու:Սա բավականին նորարարական մոտեցում է կոնվենցիոն համակարգի ենթատեքստում, որն իրավական երկխոսության հարթակ է  ստեղծում ներպետական դատավորների և ՄԻԵԴ-ի միջև: Այսկերպ, ՄԻԵԴ-ի ազդեցության շրջանակն ու դերն անխուսափելիորեն ավելի ընդլայնվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ