21 05 2020

Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործը կքննի Դավիթ Բալայանը

Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործը կքննի Դավիթ Բալայանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Այս լուրը NEWS.am-ին հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:

2019թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում,  նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ