Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ իրավական անգրագիտությունը սահման չունի
Այս իշխանությունների իրավական անգրագիտության մասին շատ է խոսվել: Կարելի էր մտածել, որ արտակարգ դրության ռեժիմի հետ կապված դրանք հարաբերականորեն քիչ կլինեն, բայց արի ու տես, որ մեր կառավարության հնարավորություններն այդ հարցում անսահման են:
Արտակարգ դրության ռեժիմի մասին ՀՀ օրենքի համաձայն «արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է»։ Նման ռեժիմ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կարող է սահմանվել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում:
Մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն մտցվելը «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքն արտակարգ դրության օպերատիվ կառավարման հարցերը վերապահում էր պարետատունը, որն անհրաժեշտության դեպքում ստեղծվում էր կառավարության որոշմամբ: Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)»։
Պարետատունը կոլեգիալ մարմին էր, որն «իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը» (8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասություն)։ Ըստ օրենքի կոնցեպցիայի պարետատունը կոլեգիալ մարմին էր, իսկ պարետին վերապահված էր ընդամենը պարետատունը ղեկավարելու իրավասություն:
Սակայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո և՛ իրավաբանորեն, և՛ փաստացի պարետատան լիազորությունները ստանձնեց պարետը, ինչը ուղղակիորեն հակասում էր օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասի 1-ին նախադասությանը:
Այդ ընթացքում պարետն ընդունել է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր, որոնց ընդունման իրավասությունը նա չուներ:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ ակտ ընդունելու իրավասություն ունեն միայն Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինները, իսկ դրանք ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ մարմիններն օրենքով ստանան համապատասխան լիազորություն: Ընդ որում, այդ լիազորությունը պետք է լինի բավարար չափով հստակ, այսինքն` համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:
Ազգային ժողովը 29.04.20 ՀՕ-238-Ն օրենքով այդ հակասահմանադրական պրակտիկան փորձել է շտկել, սակայն դա նրան չի հաջողվել: Ըստ ամբողջությամբ վերախմբագրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետն արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ»: Պարետատունը դարձել է վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին, իսկ պարետը ստացել է «համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» ընդունելու իրավասություն: Նման կարգավորումը նորից հակասության մեջ է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջի հետ, ըստ որի «լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքներին»:
Ըստ էության, նաև 29.04.20 ՀՕ-238-Ն օրենքի ընդունումից հետո ևս փոխվարչապետը կարող է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունել միայն այն դեպքում, երբ որևէ կոնկրետ օրենք փոխվարչապետին տվել է համապատասխան լիազորություն և միաժամանակ սահմանել այն հարցերի շրջանակը, որը նա պետք է կարգավորի:
Ուստի կենացները քաղցրանում են: Պարետը, նույն ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս ողջ ընթացքում վերազանցել է իր լիազորություններն, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝ քաղաքացիները կրել են ծանր նյութական կորուստներ, դրանք չափվելու են միլիարդներով, ցավոք սրտի դրանք արժեցել են նաև մարդկային կյանքեր:
Քրեական գործե՞ր եք ուզում՝ սպասեք: Այս ամբողջը կանցնի ու հերթով պատասխան եք տալու: Ապացույցների կարիք անգամ չկա, դուք այդ ամբողջն արել եք ի լուր աշխարհի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը