ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի վերջո, Մարտի 1-ին ովքեր են սպանել տասը զոհերին, արդյո՞ք վարչապետը գոհ է գործի քննության ընթացքից, կարևոր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրե՞լը, թե՞ սպանողներին գտնելը, պատասխանել էր․ «կրակված պարկուճները տարածքում փոխել է գործը քննող քննչական խմբի ղեկավարը… Դա նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել»։
Սակայն պարկուճները փոխելու և գործի բացահայտմանը դրա ազդեցության վերաբերյալ այլ մեկնաբանություն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Փաստաբանը Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց, որ վարչապետի այդ փաստարկը իրականության հետ որևէ աղերս չունի․ «Վարչապետը փորձեց հանրությանը հրամցնել այնպես, իբրև հիմա էլ այդ սպանությունները հնարավոր չէ բացահայտել, քանի որ պարկուճները փոխվել են։ Եվ հանրությունն էլ, որի մեծ մասը մասնագետներ չեն, առհասարակ պատկերացում չունեն կամ քիչ պատկերացում ունեն այդ ոլորտից, հավանաբար հավատացին վարչապետի այդ փաստարկին։ Իրականում վարչապետի այդ փաստարկն իրականությունից շատ հեռու է։ Որովհետև, եթե նույնիսկ մի կողմ դնենք անմեղության կանխավարկածը և ենթադրենք, որ պարկուճները փոխված են եղել (ընդ որում, ըստ քննչական մարմնի վարկածի՝ դա տեղի է ունեցել 2008 թվականի երկրորդ կեսին, այսինքն հունիս ամսին և հետո) դա որևէ չափով չի կարող խոչընդոտել սպանությունների հարցի քննությանը, որովհետև, եթե խոսքը գնում է հրազենային գնդակային վնասվածքների մասին, ապա նույնականացվում է ոչ թե պարկուճը զենքի հետ, այլ մահացու վնասվածքը պատճառած գնդակն է նույնականացվում զենքի հետ։ Գետնին ընկած պարկուճի կամ 100 հատ պարկուճի նույնականացումը, թե որ զենքից են պարկուճները կրակվել, ոչ մի չափով չի կարող լույս սփռել այն բանի վրա, թե որ զենքից է սպանվել այս կամ այն մարդը։ Զենքից սպանության գործերը քննելիս՝ գնդակը, որը հայտանբերվում է մարդու մարմնի մեջ, նույնականացվում է զենքի հետ։ Բոլոր հնարավոր զենքերից փորձնական կրակում են, արդյունքում արձակված գնդակների վրայի հետքերը, որը զենքը թողնում է (ամեն զենք գնդակի վրա թողնում է յուրահատուկ հետք), այդ բոլոր փորձնական կրակաված գնդակները համեմատվում են մարմնից հանված գնադակի հետ և դրա արդյունքում որոշվում է՝ որ զենքից է կրակված»- ասաց Ալումյանը։
Փաստաբանը հայտնեց, որ եթե հիմա նախաքննական մարմնի տրամադրության տակ լինեն այդ պարկուճները, դրանց առկայությունը ոչ մի չափով չի կարող նախաքննական մարմնին մոտեցնել սպանությունների բացահայտմանը։
«Այսինքն, երբ վարչապետն ասում է՝ պարկուճները չենք կարող գտնել, ոչնչացրել են, սպանությունները ո՞նց բացահայտենք, դա նշանակում է՝ կա՛մ նա է խորը մոլորության մեջ գտնվում, կամ եթե իրականությունից տեղյակ է, ապա դիտավորյալ է հանրությանը գցում մոլորության մեջ»,- ասաց Ալումյանը։
Անդրադառնալով վարչապետի 2018 թվականի օգոստոստոի 17-ի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, փաստաբանը նշեց․ «Հիմա գուցե վարչապետը չի հիշում, ար այդպիսի բան է գոռացել։ Ես հասկացա՝ իր 2018 թվականի բացականչություններից, որ իր համար Մարտի 1-ի գործի բացահայտված լինելը, բոլորովին կաված չէ սպանությունների բացահայտման հետ, իր համար Մարտի 1-ի գործով վերջնական նպատակը՝ սկզբից մինչև վերջ վերաբերվում է այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի կալանավորվի, և արդեն դրանից հետո սպանությունները ոնց կբացահայատվեն, կբացահայտվեն, թե՝ ոչ , դա իր տեսակետից Մարտի 1-ի գործի բացահայտման հետ այդքան էլ առնչություն չունի, դրա համար հենց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց և սկսվեց քրեական հետապնդում, նա համարեց, որ Մարտի 1-ի գործն իր համար ամբողջությամբ բացահայատված է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը