Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո եւ մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որեւէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա նշել է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ եւս մեկ անգամ պարզաբանում եմ.
Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռեւս ամռան ամիսներին շրջանառվել եւ նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։
Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք եւ լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:
-Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձեւավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում եւ բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:
-Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:
-Պատկերացրեք, որ ոչինչ եւ ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաեւ դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ եւ ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ:
-Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո եւ մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որեւէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաեւ հնարավոր ռիսկերի մասին):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը