12 05 2020

Դատարանը կալանքը փոխելու երեք հիմնավոր տարբերակ ունի․ «Իմ ձայնը»

Դատարանը կալանքը փոխելու երեք հիմնավոր տարբերակ ունի․ «Իմ ձայնը»

Վաղը դատարանն ունի բոլոր հիմքերը, իրավական և օրենսդրական հիմնավորումներն ու երաշխիքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար։

1․ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որոշում. Մայիսի 8-ի դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը, լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում, հերթական անգամ վիահատվել է։ Մյուս մտահոգիչ հանգամանքը փաստաբանական խմբի տեղեկատվությունն է, համաձայն որի, ըստ դատախազության «ապահով վայր» համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք: Անտեսել այս հանգամանքները, կնշանակի անտեսել միջազգային սկզբունքները, որի էությունը կայանում է նրանում, որ ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կիրառվող կալանքը պետք է փոխվի կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով։ Դատարանը պետք է առաջնորդվի ԽԿԿ սկզբունքներով՝ բացառելով խտրականության դրսևորումը։

2․ ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի երաշխավորություն. Դժվար է պատկերացնել որևէ հիմնավորում, որով դատարանը կկարողանա մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալվարչապետերի ներկայացրած երաշխավորությունը։ Այս երաշխավորություններից ավելի բարձր երաշխիք չի կարող լինել, որքան էլ դատավարության մասնակից փաստաբանը փորձեց պետության կայացման գործում լուրջ ավանդ ունեցող գործիչներին ներկայացնել իր պատկերացումների տեսանկյունից։ Անտեսել վարչապետերի երաշխավորությունը նշանակում է անտեսել մեր պետականությունը։
 

3․Գրավի միջնորդություն.վերացել են Աննա Դանիբեկյանի կողմից նախկինում գրավի մերժման վերաբերյալ որոշման համար հիմք հանդիսացող հիմնական փաստարկները։ Օրենսդրական փոփոխություններով վերացել է գրավի մերժման հնարավորությունը, և եթե հիմա փորձ արվի բերել գրավի հերքման նոր փաստարկ, ապա ակնհայտ է դառնում, որ արհեստականորեն դրվում է կալանքից չթողնելու խնդիր։
 

4․ Եվ վերջում բարոյական կողմը. «Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահ եմ։ Եվ այս հանգամանքն ինձ համար ամենից զսպող հանգամանքն է։ Ինձ համար երաշխավորում են, ես կարո՞ղ եմ թույլ տալ ինձ ինչ-որ վարկաբեկող քայլ, որը կզրոյացնի իմ հեղինակությունը»։ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերը, մեծ հաշվով, պետք է որոշիչ լինեն Դանիբեկյանի որոշման հարցում։ 

Աբսուրդ է, բայց մայիսի 8-ին դատարանը քննում էր Արցախի հերոսին կալանքի տակ պահելու հարցը, 9-ին էլիտաների ներկայացուցիչները Շուշիում կենացներ էին բարձրացնում Շուշիի ազատագրման համար։ Այն նույն Շուշիում, որն ազատագրվել է այսօր կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արցախի հերոսների շնորհիվ։ Միամտություն է կարծել, թե Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ կարողանալու է դատել հաղթանակ կերտած հերոսին։

Երեկ վարչապետի և արդարադության նախարարի հանդիպման առանցքային հարցերի հասցեատերը Աննա Դանիբեկյանն էր։ Լավ և վատ դատավորների դասակարգումը հենց իրեն էր վերաբերում։ Սակայն վստահաբար, վաղ թե ուշ բացահայտվելու, պարզվելու են դատավոր Դանիբեկյանի նկատմամբ ճնշման և սպառնալիքների ողջ մեխանիզմը։

Վաղն Աննա Դանիբեկյանն իր որոշմամբ բարդ ընտրության առջև է կանգնելու։ Դատավոր Դանիբեկյանն ընտրելու է, թե ինչպես է ապրելու իր խղճի հետ մայիսի 13-ին հաջորդող օրերին, ամիսներին։

«Իմ Ձայնը» նախագիծ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ