Top-News.am-ը գրում է. Վաղը՝ մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը սովորական դատական որոշում չի կայացնելու: Նա պարզապես չի որոշելու, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է ապօրինաբար մնալ կալանքի տակ, թե հայտնվելու է ազատության մեջ: Վաղը շատ ավելի կարեւոր որոշում է կայացվելու մեր պետության համար:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետեր Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Շաբաթներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ արեց մարդասիրություն ցուցաբերել եւ համավարակի իրավիճակում կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահին:
Հիմա Աննա Դանիբեկյանը միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը չի լուծելու, այլ ի լուր աշխարհի հայտարարելու է, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր պետականությանը, մեր անցյալին, մեր տարած հաղթանակներին, հաղթահարած դժվարություններին:
Եթե հանկարծ Աննա Դանիբեկյանը հակատրամաբանական որոշում կայացնի, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է մնա կալանքի տակ, ապա նա միայն հերթական ապօրինի որոշումը չի կայացնի, այլ հուրախություն մեր թշնամիների ծանր հարված կհասցնի մեր եկեղեցուն, որը դարեր շարունակ ոչ միայն լուսավորություն է տարածել, այլ պետականության անկման շրջանում պահել մեր ազգային նկարագիրը:
Եթե Աննա Դանիբեկյանը հակառակ բանականության ձայնին որոշի, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ապօրինաբար մնա անազատության մեջ, ապա կստացվի, որ մենք ոտնատակ տվեցինք մեր պետությունը, մեր պետության անցյալը, Արցախյան շարժումը, պետականության կայացումը, Արցախի ազատագրումը, տնտեսական շրջափակման հաղթահարումը եւ այդ շրջանում ժողովրդի կրած տառապանքները, մեր պետության հաղթանակներն ու հաջողությունները:
Ի վերջո աննախադեպ է միջազգային պրակտիկայում, որ չորս վարչապետ դատարանում հանդես գան միջնորդությամբ: Մի՞թե Կաթողիկոսի կոչից, վարչապետերի երաշխավորությունից ավելի բարձր երաշխավորություն կարող է լինել: Եւ հիմա, եթե հանկարծ դատավորը հակաիրավական, հակատրամաբանական, հակամարդկային որոշում կայացնի, ապա այդ որոշումը լինելու է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ մեր պետության, մեր ժողովրդի դեմ:
Իհարկե, դատավորը խափանման միջոցը կարող է փոխել առաջնորդվելով զուտ իրավական չափորոշիչներով, առաջնորդվելով համավարակի առկայությամբ, առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, բայց եթե դրանք բավարար չեն, ապա կառավարությունը ղեկավարած մարդկանց երաշխավորությունը լիուլի բավարար է միակ ճիշտ որոշումը կայացնելու համար:
Մերժել չորս վարչապետի երաշխավորությունը, անտեսել Կաթողիկոսի կոչը կնշակի ոտնատակ տալ մեր պետությունը, մեր անցյալն ու ապագան: Սրա մասին չպետք է մոռանալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը