11 05 2020

Առանց Սահմանադրության փոփոխման hամատարած վեթինգ հնարավոր չէ. Բադասյան

Առանց Սահմանադրության փոփոխման hամատարած վեթինգ հնարավոր չէ. Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի վերաբերյալ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Դատական օրենսգրքով 2 գործիք է ներդրվել, որը անվանում են՝ դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի թեկնածուի և իր ընտանիքի անդամների գույքային դրության ստուգում է տեղի ունենալու։

«Առաջինը հոգեբանական թեստավորումն է, դա հիմա էլ է իրականացվում, բայց, կարելի է ասել, ձեւական բնույթ է կրում։ Դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին եւ եռամսյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է սահմանի հոգեբանական թեստավորման չափանիշները եւ 6 ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունը այդ չափանիշների հիման վրա պետք է գործարկի էլեկտրոնային ծրագիրը։ Այսինքն՝ ցանկացած թեկնածու լուրջ ծրագրով անցնելու է լավագույն փորձով հոգեբանական թեստավորում եւ խորհրդատվական եզրակացություն է ունենալու ԲԴԽ-ն, երբ քննարկի թեկնածությունը։ Յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդող գործունեության առնչությամբ կարգապահական պատասխանատվությունների մասին, իր եւ իր ընտանիքի անդամների գույքային դրության մասին»։

«Առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելն ու դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն։ Օրինակ՝ դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում հաշվետու տարվա ընթացքում, բայց անձի եկամուտներով չի հիմնավորվում, որ ինքը կարող էր նման գույք ձեռք բերել, սա վարքագծի կանոն է, դրա վերաբերյալ պատշաճ բացատրությունը չներկայացնելը կամ ինչ-որ տեղեկություն հայտարարագրում թաքցնելը, որը կարող է հագեցնել քրեական պատասխանատվության, եթե արարքը եղել է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո։ Իր ընտանիքի անդամների հայտարարագրերը եւս կարող են վերլուծվել»։

Փաշինյանը հարցրեց՝ ապօրինի հարստացման պարագայում, խոսքը 2017 թվականից հետոյի մասին է, կարգապահական վարույթ կարո՞ղ է հարուցվել 2013թ․ կամ 2014 թվականին ձեռք բերած գույքի համար։ Նախարարը ի պատասխան նշեց. «Այստեղ է հիմնական քնադատության առարկան։ Այստեղ է ալբանական վեթինգի եւ հայկական վեթինգի տարբերությունը։ Մեզ քննադատում են, որովհետեւ նշում են՝ այդ հետադարձ ուժը չի կիրառվում։ Եթե ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա նշանակում է՝ ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից՝ կարճ ժամանակահատվածում, սա կարող է բերել բացասական հետեւանքների, բայց մոռանանք դա մի պահ եւ կենտրոնանանք իրավական հնարավորության վրա։ Սա անելու համար պետք են սահմանադրական փոփոխություններ, առանց Սահմանադրության փոփոխման հնարավոր չէ իրականացնել համատարած վեթինգ»։

Վարչապետը նշեց՝ կարևոր է, որ այդ փոփոխությունների ընթացքում դատարաններն աշխատեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ