11 05 2020

Դատավորը խափանման միջոցը փոխելու երեք տարբերակ ունի. Սևակ Թորոսյան

Դատավորը խափանման միջոցը փոխելու երեք տարբերակ ունի. Սևակ Թորոսյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանի հետ

- Պարոն Թորոսյան, դատարանը վերջապես երկու ամիս դադարից հետո քննեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունները։ Վստահաբար, հետևել եք դատական նիստի ընթացքին, դատավարության մյուս կողմերի կողմից հնչեցին հակափաստարկներ, բայց դրանից մի մասը իրավական հարթության մեջ չէին: Դուք ինչպե՞ս կգնահատեք նիստը և ի՞նչ որոշում ակնկալել դատարանից

- Պանդեմիայի պատճառով Այս պատմական նիստին չմասնակցելը տանջանք էր ինձ համար, բայց միաժամանակ կարող ենք գնահատել հզոր պաշտպանական գործողությունը: Ինչ պետք է ասվեր, ասվեց։

Փաստաբանը ոչ միայն իր վստահորդի, այլ նաև հանրային ազատությունների պաշտպանն է, և այս նիստն ամողջությամբ նվիրված էր ազատության բարձրագույն սկզբունքին։ Անկեղծորեն ցանկանում էի, որ դատախազության միակ մտահոգությունը լիներ փաստի որակը, բայց մինչև այսօր հեռվից նայելով՝ այդ մտահոգությունը չենք զգում։ Նախաքննության ընթացքում փաստի որակի փոխարեն փաստի քանակ էին ներկայացրել, իսկ 80 հատոր անորակ փաստերը միայն կարող են հոգնեցնել բոլոր կողմերին, նույնիսկ՝ դատարանին։

Ի վերջո, այս նիստի ավարտին աշխարհի որևէ պատվարժան դատավոր ազատ կարձակեր Ռոբերտ Քոչարյանին։

- Ի՞նչ հիմքով կարող է դատավորը մերժել ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին, եթե նկատի ունենանք, որ այդ անձինք բացի այն, որ հեղինակություն են վայելում, նաև եղել են իշխանության մի ճյուղի ղեկավարը, և ըստ էության, հիմա իշխանության մյուս ճյուղը պետք է որոշում կայացնի։

- Նախկին չորս վարչապետերի երաշխավորությունը պատմական դեպք է։ Չեմ կարծում, որ աշխարհում որևէ երկրում նման բան պատահել է։ Դա պարզապես ցույց է տալիս, թե Հայաստանում որքան հեռու ենք գնացել։ Այս երաշխավորություններից ավելի բարձր երաշխիք չի կարող լինել։ Եթե դատավորը չընդունի այս երաշխավորությունները, սա կնշանակի, որ դատավորն ամբողջությամբ կորցրել է իր մտքի ազատությունը։

- Ինչպիսի՞ն է այս դեպքերում միջազգային փորձը։ Հաշվի՞ է առնվում, հեղինակությունը, նախկինում զբաղեցրած դիրքը, որքանո՞վ է այն լինում որոշիչ։

- Չեմ կարծում, որ աշխարհում ուրիշ օրինակներ կան։ Երաշխավորումը բարոյական իմաստ էլ ունի։ Բարոյական երաշխավորությունների մակարդակին հասնում են այն երկրներում, երբ դատավորն անտեսում է պարզ իրավական արգումենտները։ Պատմությունը պետք է հիշի և սերունդները պետք է ամաչեն։

- Նիստի ընթացքում միջնորդվեցին ազատ արձակման միանգամից 3 հիմնավորումներ՝ երաշխավորությունները՝ արդեն օրենքի կարգավորման պարագայում, գրավին փոխարինելը և վիրուսի վտանգը կալանավայրում։ Ըստ ձեզ, ո՞ր հիմքն է ամենից ծանրակշիռը, որից չի կարող խուսափել դատարանը։  

- Եթե դատավորը պատրաստ է խափանման միջոցը փոփոխել, երեք տարբերակ կա իր մտքում: Առողջապահական, բարոյական և անմեղության կանխավարկածը: Առողջապահականը ամենահեշտն է դատավորի համար: Դա կապված է կորոնավիրուսի հետ: ՄԱԿ-ի առաջարկով, պետք է ազատ արձակվեին 60 տարեկանից մեծ անձինք և նրանք, որոնք ունեն առողջական խնդիրներ: Ռոբերտ Քոչարյանի պարագան է սա: Ընտրելով այս տարբերակը, դատավորը կազատվի իր ապագա քրեական հանցավորությունից:

Երկրորդ տարբերակով, դատարանն իմաստուն կդառնա՝ ճանաչելով բարձրագույն երաշխավորություների ուժը:

Իսկ երրորդ տարբերակով՝ անմեղության կանխավարկածը, դատավորը կդառնա իսկական դատավոր: Կհիմնի իրավական պետության սյուները և կհռչակի Հայաստանը իբրև մարդկային իրավունքների երկիր:

Հարցազրույցը՝ Տաթև Միրզոյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ