«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրերս ամերիկյան «Freedom House»-ը հրապարակեց Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցները, որոնք, իշխող քաղաքական ուժի օգտին որոշակիորեն կողմնապահ լինելու պարագայում անգամ, ևս մեկ անգամ փաստեցին Հայաստանի մասով «ժողովրդավարության բաստիոն» արտահայտության, մեղմ ասած, խիստ չափազանցություն լինելու հանգամանքը։
Երկու զեկույցները («անցումային պետություններ» և «ազատությունն աշխարհում»), լինելով բազմաշերտ և բազմաբովանդակ, ևս մեկ անգամ վկայում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների լայն հասանելության ու միջազգային հարթակներում մանրամասն արձանագրման մասին։
Զեկույցումներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվում մի քանի սուր իրադարձությունների, մասնավորապես՝ դատարանների արգելափակմանը, Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ քաղաքական իշխանությունների դրսևորած մեծ հետաքրքրությանը, վկայակոչվում է հանրային հեռուստաընկերությանը տրված՝ իշխանամետ լինելու գնահատականը, խոսվում է ինստիտուցիոնալ լայն բարեփոխումների բացակայության մասին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» (ժողովրդավարության տոկոսը՝ 33)։
Համեմատության համար նշենք, որ Վրաստանը բնորոշվում է որպես «անցումային կամ հիբրիդային ռեժիմ»՝ 38% ժողովրդավարությամբ։
Հատկանշական է այն, որ ընդհանուր դատաիրավական խնդիրներից զատ, զեկույցներում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սահմանադրական դատարանի հիմնախնդրին, ընդ որում՝ մի քանի կետերով, ինչը նման մասշտաբ ունեցող զեկույցների դեպքում հազվադեպ է պատահում՝ ընդգծելով տվյալ հարցի խիստ կարևորությունը։
Այսպես, խոսվում է ժողովրդավարությանը սպառնացող աղաղակող ազդակների՝ ՍԴ դատավորներին հեռացնելու արշավի մասին՝ շեշտադրելով այդ արշավի համահեղինակ Վահե Գրիգորյանի դերակատարումը և սերտ կապը քաղաքական իշխանությունների հետ (նա անվանվում է «կառավարության դաշնակից»), խոսվում է «օրենսդրական տեխնիկալությունների» օգտագործմամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Գրիգորյանի անհաջող փորձի մասին, խոսվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, վաղ կենսաթոշակի նախագծի, խնդրահարույց որակված սահմանադրական փոփոխությունների մասին՝ որպես մեկ միասնական շղթայի և ծրագրի մասեր: Խոսվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը շրջանցելու մասին։
Նման սուր ձևակերպումները և ՍԴ հարցի ընգծված շեշտադրումը միգուցե այնքան անհանգստացնող չլինեին, եթե.
1) Խոսքը չլիներ նման հեղինակավոր կազմակերպության մասին, որի փաստաթղթերը հեղինակավոր աղբյուր են միջազգային հարթակներում։
2) Այդ կազմակերպությունը չպատկաներ «ամերիկյան թևին», որը մինչ այս որդեգրել էր ընդգծված հանդուրժող, սպասողական և սատարող կեցվածք ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։
3) Այդ արձանագրումները չլինեին ի լրումն «եվրոպական թևի»՝ արդեն իսկ սուր հայտարարությունների՝ այդպիսով ամբողջացնելով ՍԴ շուրջ ձևավորված միջազգային մոնեցման «համայնապատկերը», այն է՝ ՍԴ հարցը արհեստածին է, իշխանությունները որդեգրել են այն բռնազավթելու քաղաքականություն, իսկ դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ։
Թե այս ամենն ինչ է նշանակում «ժողովրդավարություն» բառը դրոշակ և հաղթաթուղթ դարձրած իշխանությունների համար, կարծում եմ, պարզ է. իմունիտետի կրճատում, կենսունակության նվազում, և թերևս միակ արտաքին խաղաթղթի կորուստ։
Այսպիսով, կարծում ենք, որ երկրի ներսում վստահությունը, իսկ դրսում՝ ժողովրդավարական իմիջը, ինչպես նաև որոշ դաշնակից պետությունների բարիդրացիությունը կորցրած իշխանությունները թերևս «ՍԴ հարցում» այսուհետ պետք է շատ երկար հաշվարկեն իրենց օգուտը, ռիսկերն ու վնասները։ Ընդ որում, այդ վնասները կրելու են և քաղաքական պատասխանատվության կանչվելու են ոչ թե կառավարության «անկախ» դաշնակիցները ԱԺ-ում և ՍԴ-ում (նրանք սոսկ «սպիտակ ձեռնոցով» շահառուներ են, ուստի ինչ-որ առումով արդարացված է նրանց սադրիչ վարքագիծը), այլ հենց իրենք՝ քայլականները։
Չպետք է անտեսվի նաև քրեական պատասխանատվության վերահաս վտանգը, որի շունչը պետք է որ արդեն լավ զգան անհեռատես քայլերի արդյունքում իշխանական հենքի և իրավապահ համակարգի տատանումները վստահաբար զգացող «հպարտ» իշխանականները»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը