168.am-ը հայտնում է․ «Մեր ոլորտում այս աստիճանի սանձարձակ մոտեցումներ ես երբեւէ չեմ տեսել։ Այս մասին 168.am կայքում Սաթիկ Սեյրանյանի «Pressing» ծրագրի՝ «Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր» խորագրով հարցազրույցում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
«1997 թվականից փաստաբան եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, երբ չէր կասելի ասել, թե բարվոք վիճակ էր, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ փաստաբան եմ եղել, ու էլի այդ տարիներին բազմաթիվ գանգատներ եմ ուղարկել ՄԻԵԴ, որովհետեւ երկիրը հեռու էր օրինականի սահմանից, որ մենք կուզեինք ունենալ, աշխատել եմ նաեւ Սերժ Սարգսյանի օրոք, շատ դժգոհ ենք եղել փաստաբաններով։ Բայց այն ինչ կատարվում է հիմա, ոչ մի փուլի հետ համադրելի չէ, այժմ կատարվողը իրավական սանձարձակություն է, բացարձակապես օրենքի վրա խաչ քաշել է նշանակում», ասել է Հայկ Ալումյանը։
Ըստ նախկին նախագահի պաշտպանի՝ Հայաստանն այժմ իրավական երկրի հատկանիշ չունի․
«Անգամ չեն էլ թաքցնում, որ օրենք են խախտում, ասում են՝ լավ ենք անում։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ օրենքը չի գործում․ վարչապետը կոչ անի՝ պատգամավորներն էլ իրենց աջակիցներին գցեն հետեւներից գնան դատարանների դռները փակե՞ն։ Ասում են՝ լավ ենք անում, չէ՞, ժողովուրդ, ժողովրդի մի հատվածն էլ, իմ դիտարկումներով՝ հետզհետե փոքրացող, ասում է՝ իհարկե, լավ եք անում։ Այսինքն՝ սա սանձարձակություն է։ Օրենքը, եթե իրենց դուր չի գալիս, կարող են նախաձեռնությամբ հանդես գալ, փոխել, բայց ոչ, գնում են այս ճանապարհով՝ խախտում են օրենքը։ Երկիրն ունի հատկանիշներ, դրանցից մեկն էլ իրավականն է, այդ մի հատկանիշն այժմ մեր երկրում չկա», ասել է Հայկ Ալումյանը։
Դատավարությունների որակը, իրավաբանի դիտարկմամբ, գնալով ընկնում է։
«Դրանք աստիճանաբար բարելավվել էին, դատական ակտերի որակն էր դրականորեն փոխվել, արդեն դատախազությունից այդքան կախված չէին, տեղաշարժեր նկատվում էին, թեեւ մենք մշտապես քննադատում էինք։ Բայց հիմա դատավարությունների, դատական ակտերի որակը նվազում է, դատավարություններն են ձգձգվում, աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դատավարություններ կան, որ 6-7 տարի ձգվում են։ Այդ պրոբլեմը հիմա ավելի է խորացել։ Կան դատավորների թափուր տեղեր, մարդիկ չեն ուզում դատավոր դառնալ։ Կա երկու հիմնական պատճառ․ երեւի մի 4-5 տարի է, նրանք, ովքեր դատավորի պաշտոնը դիտարկում էին եկամտաբեր, այդ պատրանքներից ազատվում են, շատերը նախընտրում են փաստաբան դառնալ։ Կան մարդիկ, որ կցանկանային դատավոր դառնալ, հասարակության մեջ դիրք զբաղեցնել, պետությանը ծառայել, բայց այս իշխանություններն այնպես են պախարակել դատավորին ու նրա արածը, որ ես չեմ էլ հասկանում, ինչու պետք է մարդիկ ցանկանան դատավոր դառնալ»։
Հայկ Ալումյանը նաև նշեց․ «Դուք պատկերացնում ե՞ք, դատավորներից մեկն ասեր՝ տո, վնգստացողը դու ես, ինչ կկատարվեր նրա հետ դրանից հետո․ համացանցում նա կհայտնվեր հայհոյանքների տարափի տակ»;
Իրավաբանը համարում է, որ դատավորները, թերեւս բացի Ալեքսանդր Ազարյանից, չարձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական արտահայտություններին, քանի որ իրենց անպաշտպան են համարում։
«Ես գիտեմ արդարամիտ դատավորներ, որոնք պատրաստ են արժանապատվորեն պատասխանել բոլոր ճնշումներին։ Բայց վերջերս համացանցում մեր քաղաքին խորթ մշակույթ է ձեւավորվել․ մարդիկ կարող են հայհոյել եւ պատասխան չտալ դրա համար։ Պատկերացնո՞ւմ եք, թե հայհոյանքների ինչ հեղեղ կլիներ․․․ Դատավորը նաեւ գիտի, որ այն կառույցները, որոնք պետք է պաշտպանեն իրեն, չեն անում դա, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդը մի բան էլ ինքն է պիտակներ ավելացնում։ ԱԱԾ-ն պետք է փնտրի, գտնի այդ հայհոյողներին, բայց նրանք դա անում են, երբ վարչապետի քմահաճույքով անհրաժեշտ է լինում գտնել հայհոյողին։ Հայհոյանքներով մարդկանց թիրախավորելն ու լռեցնելն արվում են վարչապետի գիտությամբ, ենթադրում եմ՝ նաեւ հրահանգով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը