05 05 2020

«Էրեբունի պլազա» ներխուժելու գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին

«Էրեբունի պլազա» ներխուժելու գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին

2020թ. հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոն ներխուժած և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ հանդիպում պահանջած անձի՝ Արթուր Թորոսյանի գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան: Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։

Արթուր Թորոսյանին մեղադրանք էր առաջադրվել «Էրեբունի պլազա» մուտք գործելու «Սայգա» տեսակի զենքի գործադրմամբ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այդտեղ գտնվող մի շարք անձանց պատանդ վերցնելով՝ հանդիպում պահանջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ: Այդ ընթացքում նա երկու կրակոց է արձակել՝ նախասրահի առաստաղի, ապա բազմոցի և սյան ուղղությամբ՝ պատճառելով շուրջ 400.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Իր ցուցմունքում Արթուր Թորոսյանը նշել է, որ իր նպատակն է եղել հանդիպել Վիկտոր Սողոմոնյանի հետ: Նա իր ցուցմունքում նաև նշել է, հրաժարվել է պատանդ պահելուց՝ ոստիկանապետի ժամանելուց և նրա հետ զրույց ունենալուց հետ:

Ոստիկանապետի հետ զրույցում էլ նշել է, թե ինչու է պահանջում, որ իր մոտ կանչեն Վիկտր Սողոմոնյանին: Նա ոստիկանապետին ասել է, որ ցանկանում է Վիկտոր Սողոմոնյանին պատանդ վերցնելուց հետո պահանջել նրանից, որ վերջինս կանչի Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, որպեսզի նա իրեն բացատրություն տա, թե ինչու են իրեն չիպավորել՝ ծրագրավորել: Նա իր ցուցմունքում նաև նշել է, որ հնարավոր էր ինքը կյանքից զրկեր Սեդրակ Քոչարյանին, վերջինիս գալուց հետո՝ կախված թե ինչ բացատրություն էր տալու Սեդրակն իրեն չիպավորելու հետ կապված:

Բավարար ապացույցների համակցությամբ 2020թ. հունվարի 25-ին Արթուր Հովիկի Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և ՀՀ քրեական օրեսնգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ