01 05 2020

Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու փորձ է կատարում․ փաստաբան. Tert.am



Tert.am-ը գրում է․ «Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին քրեական գործիքներով լռեցնելու փորձ է կատարում, և այստեղ օբյեկտիվ քննության մասին խոսք չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Մինասյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելուն։

Նրա խոսքով՝ քննչական մարմինը երկու տարի զբաղված էր երկրում այսօրվա իշխանության ցանկությունները կամ հանրությանը շեղելու համար որոշակի  ամպագոռգոռ հայտարարություններ կատարելը իրականություն դարձնելու գործով:

Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի՝ Միքայել Մինասյանի՝ տարբեր ընկերություններում փայաբաժիններ ունենալու մասին ֆեյսբուքյան գրառմանը, փաստաբանն ասաց, թե այն կատարվել է իրավապահ համակարգի՝ վարչապետի և Կառավարության ցանկություններն ի կատար չածելու հետևանքով: «Վարչապետի մամուլի խոսնակը, որպես Կառավարության և վարչապետի դիրքորոշում, հայտնում է, որ տեղեկացված են փայաբաժինների մասին: Վարչապետի մամուլի խոսնակը շատ է ուշացել. այս քրեական գործը հարուցելու հիմքը եղել է այն, որ վարչապետը այդպիսի տեղեկություններ է ունեցել, և հարուցվել է քրեական գործ «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից հարկերից խուսափելու դեպքի առթիվ: Վարույթն իրականացնող մարմինն ամեն կերպ փորձել է այդ ՍՊԸ-ն կապել Մինասյանի հետ, բայց չի ստացվել, որովհետև դա օբյեկտիվ իրականությունից կիլոմետրերով հեռու է, և երկու տարի ապարդյուն փորձերից հետո գտել են հայտարարագրում լրացված ընդամենը սխալ թիվ, ինչի հիման վրա Միքայել Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ»,-ասաց նա՝ նշելով, թե սա առանձին գործ է, և կապ չունի «Սպայկա» ՍՊԸ-ի քրգործի հետ, հարուցվել է ապօրինի հարստացման դեպքի հետ կապված և միացվել է երկու տարի առաջ քննվող քրեական գործին:

«Մենք ամեն օր խոսում ենք այն մասին, որ երկրին ներդրումներ են պետք, սակայն վարչապետի մամուլի խոսնակը հստակ հայտարարում է, որ կառավարությունն ակնկալում է մասնավոր բիզնեսի վաճառքից ստացված գումարները ուղղել պետական բյուջե: Սա այլ կերպ, քան մասնավոր բիզնեսը խլելու օպերացիա, ես չեմ կարող բնութագրել»,-հավելեց Մինասյանի փաստաբանական խմբի անդամը՝ նշելով նաև, թե Կառավարությունը շատ սխալ ճանապարհ է ընտրել ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված:

Նրա խոսքով՝ այդ հայտարարություններն անելու համար ընտրվել է վարչապետի մամուլի խոսնակը, որպեսզի պատասխանատվության «սլաքները» նրա ուղղությամբ լինեն:

Ըստ Պողոսյանի՝ փաստաբանների միջնորդությունը՝ հարցաքննել երկու անձի, չի բավարարվել, ինչի պատճառն այն է, որ միակողմանի, ուղղորդված քննություն է: «Վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննում նշված անձանց, որովհետև դրանով իր առջև դրած խնդրիը չի կարողանա իրականացնել, իսկ խնդիր է դրված այնպես անել, որ չհայտնվի Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը հերքող որևէ փաստաթուղթ»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, թե փաստաբանները  դատարանին միջնորդում են կալանքի հարցը քննարկելիս հրավիրել տվյալ անձանց:

Դիտարկմանը, թե մեղադրանքն առաջադրվել է մարտի 17-ին, սակայն մինչև մարտի 22-ը որևէ գործողություն չի կատարվել, դա ինչո՞վ է պայմանավորված, փաստաբանը պատասխանեց.

«Մարտի 17-ին Երևան քաղաքում հերթապահ դատավոր էին Ավանի նստավայրի դատավորները, իսկ նրանք օբյեկտիվության շեմը պարտադիր ապահովում են: Մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ իրեն հարգող որևէ դատավոր իրեն թույլ չէր տա նման մեղադրանքի պարագայում խափանման միջոց կիրառել: Վարույթն իրականացնող մարմինը, դա շատ լավ գիտակցելով, սպասել էր 6 օր, փոխվել է հերթապահության ժամանակահատվածը, հերթապահ դատավորներ են դարձել Շենգավիթի նստավայրի դատավորները, և էլ կաշկանդված չեն եղել դատավոր ընտրել, և ամսի 23-ին անմիջապես կալանավորելու միջնորդությունը մուտքագրվել է դատարան, ինչը դատարանի նախագահի կողմից առձեռն մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին»,-ասաց նա՝ նշելով, թե այդ դատավորը հայտնի է ցանկացած իշխանության ժամանակ այդ իշխանությանը հաճո որոշումներ կայացնելով:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Միքայել Մինասյանի դեմ ցուցմունք չկա, և նա այս պահին Հայաստանում չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ