01 05 2020

Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է․ Փաստինֆո

Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին` Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննարկումը։ 

Փաստաբանական թիմը նշել է, որ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, և նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչը բավարարել է։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է ապրիլի 29-ի երեկոյան։ Փաստաբանները, ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը, ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու և պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար: Սակայն, փաստորեն չսպասելով նիստին, երեկ՝ ապրիլի 30-ին, լայնածավալ քննչական գործողություններ են կատարվել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում, անգամ զոքանչի տանը։ Ընդ որում՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում դա արդեն երկրորդ խուզարկությունն էր, քանի որ փետրվարին, երբ Գ.Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում էր կայացվել, նշված հասցեներում ԱԱԾ-ն արդեն խուզարկություն կատարել էր։

«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ և գործի նյութերից և պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Հավելյալ տեղեկատվություն չենք ներկայացնի նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով պայմանավորված։

Անժրաժեշտ ենք համարում մատնանշել, որ նշված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է: Հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից նախօրեին հնչեցված պաշտոնական հայտարարությունները (Վարչապետի խոսնակի գրառումները)՝ նշված գործընթացը դիտարկում ենք բացառապես ունեզրկման, սեփականության հարկադիր վերաբաշխման լույսի ներքո: Փաստացի պետք է արձանագրենք, որ Խաչատրյանների ընտանիքի հանդեպ գործողությունները, Գագիկ և Կարեն Խաչատրյաններին անազատության մեջ պահելը «պատանդի» կարգավիճակով ոչ թե ձեռնարկված միջոցներ են քրեական գործի քննությունն արդյունավետ իրականացնելու, քննությունից թաքնվելը կախելու կամ անձանց պատշաճ վարքագիծն այլ կերպ ապահովելու համար, այլ ոչ իրավաչափգործողություններ են շահադիտական նկատառումներով»,- ապրիլի 30-ին հայտարարել էր փաստաբանական խումբը։

Հիշեցնենք` որ դեռ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։ Եվ քանի որ, ըստ հաղորդագրության, Գուրգեն Խաչատրյանը հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված վերջնագրերը, այս գործողությունները ավելի քան սպասելի կարելի է համարել։

   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ