«Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը այցելել էին «Հայելի» ակումբի գրասենյակ եւ կատարել քրեորեն հետապնդելի մի շարք արարքներ, մասնավորապես՝ խուլիգանություն, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, արդարադատությանը խոչընդոտելը եւ մարդու եւ քաղաքացու իրավահավասարությունը խախտելը: Արդյունքում, վերջիններս 2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 15959619 քրեական գործով ներգրավվել էին որպես մեղադրյալներ:
Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 30-ին, վերոնշյալ քրեական գործը քննող քննիչ պարոն Գագիկ Հայրապետյանը հեռախոսային կապի միջոցով տեղեկացրեց ինձ այն մասին, որ պատրաստվում է քրեական գործի վարույթը կարճել: Հարկ է ընդգծել, որ ներկա դրությամբ, ինչպես ես, այնպես էլ վստահորդս՝ տիկին Անժելա Թովմասյանը, հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին։ Սակայն ակնհայտ է, որ շուրջ 7 ամիս անհարկի երկարաձգված քրեական գործի վարույթն իրականացնող մարմնի մտադրությունը, այն է՝ կարճել քրեական գործի վարույթը, անօրինական է, չհիմնավորված եւ պայմանավորված է քաղաքական պատվիրատուի ցանկությամբ:
Այս լուրը ստանալով՝ կարող ենք լրացուցիչ արձանագրել, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն պաշտպանելու մարդկանց քրեորեն հետապնդելի ոտնձգություններից` հարձակումներից: Ավելին, իրավապահ մարմիններն՝ իրենց գործողություններով եւ անգործությամբ, փաստացի խրախուսում են անպատժելիությունը:
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործում են խմբակներ, որոնք հանդես են գալիս բռնության կոչերով եւ հարձակվում քաղաքացիների վրա: Այդ խմբակները քաղաքացիների առողջությանը ու գույքին պատճառում են վնաս, խլում մարդկային կյանքներ՝ մնալով, սական, անպատիժ:
Այս խմբակներից մեկն էլ, որ հարձակում էր գործել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, պաշտոնապես գործում է «Հեղափոխության պահապաններ» անվան ներքո՝ ուղղակիորեն նշելով, որ սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարդուն կյանքից զրկելը, նրա արժանապատվությունը ոտնահարելը, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ մնալով բացարձակ անպատիժ եւ չարժանանալով որեւէ իրավական, քաղաքական եւ բարոյական գնահատականի, այլեւս դարձել են օրինաչափություն, եւ հիշեցնում է հատկապես 90-ականների սկիզբը:
Այս պայմաններում, երբ Հանրապետության տարածքում գործում են խմբակներ, որոնք գտվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ եւ ահաբեկում մարդկանց, կանխատեսելի են դարձնում բռնությունների աճը` մահվան ելքերով:
Չնայած այս ամենին՝ հարկ եմ համարում նշել, որ օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք վերոշարադրյալ ապօրինությունների դեմ պայքարի համատեքստում։ Հետագա գործողությունների մասին հավելյալ կարգով կտեղեկացվի քրեական գործի կարճման որոշումը օրենքով նախատեսված կարգով ստանալուց, ինչպես նաեւ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո։
«Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ
փաստաբան Զարուհի Փոստանջյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը