22 04 2020

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին հորդորել է հարցերն ուղղել Աննա Դանիբեկյանին. 168.am

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին հորդորել է հարցերն ուղղել Աննա Դանիբեկյանին. 168.am

168.am-ը գրում է. Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար դատարան ներկայացրած 3-րդ դիմումին:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ին փոխանցել է, որ դատարանից ստացված պատասխանում ասված է, որ պաշտպանական կողմը տեղեկացված է, որ Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին վերադառնալու է աշխատանքի, և հորդորել է հարցերն ուղղել հենց Դանիբեկյանին:

Հիշեցնենք, որ դատարան ներկայացրած դիմումով փաստաբանը խնդրել էր տեղեկացնել, թե կոնկրետ որ օրն է դատարանին հայտնի դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անաշխատունակության վիճակում  է գտնվելու մինչև ապրիլի 16-ը, ի՞նչ եղանակով է այդ մասին տեղեկացել դատարանը, փաստաբանի դիմումը ստանալուց առաջ կամ հետո դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձել է ճշտել՝ դատավոր Դանիբեկյանը համաձա՞յն է արդյոք, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին, արդյո՞ք Աննա Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը, չտալու դեպքում ի՞նչ պատճառաբանություններ է ներկայացրել, և արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:

Փաստաբանն առաջիկայում պատրաստվում է 4-րդ դիմումն ուղարկել Երևան քաղաքի դատարան՝ նույն հարցերի պատասխանները ստանալու համար:

Տեղեկացնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում,  ապրիլի 17-ին եկել էր աշխատանքի և կրկին արձակուրդ ձևակերպել: Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ