«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցը:
Հայաստանի մասով զեկույցում նշվում է, որ դատական իշխանությունների վրա գործադիրի հնարավոր ճնշման անհանգստության պայմաններում, տեղի են ունեցել իրենց լիազորությունների չարաշահման համար կասկածվող նախկին իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ և քրեական հետապնդումներ:
Ըստ զեկույցի՝ 2019 թվականի հունիսի 25-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են երրորդ անգամ՝ կապված «սահմանադրական կարգը տապալելու» և կաշառք ստանալու վերաբերյալ 2018 թվականին նրան առաջադրած մեղադրանքների հետ:
Ըստ դատախազության վարկածի՝ նախկին նախագահը պատասխանատու է 2008թ.-ի մարտ ամսվա բողոքի ցույցերը բռնությամբ ցրելու համար, որի ժամանակ զոհվել էր 10 մարդ:
Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել մեղադրանքները՝ դրանք համարելով չհիմնավորված և քաղաքական դրդապատճառներ ունեցող: Նա մեղադրել էր կառավարությանը դատական համակարգի վրա ոչ իրավական ճնշման համար: Երբ 2019 թվականի մայիսին դատարանը Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ էր արձակել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր դատական համակարգի համապարփակ բարեփոխում, հրապարակավ քննադատել էր դատավորներին՝ ազատ արձակելու այդ որոշման համար, և հորդորել իր աջակիցներին արգելափակել դատարանների շենքերը:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը