2019թ. հուլիսի 25-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ ծառայողական պարտականությունները չկատարելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Հետագայում քրեական գորրծը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ն նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու դիմաց միջնորդավորված ձևով՝ այլ անձի օժանդակությամբ խոշոր չափերով կաշառք է ստացել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, քրեական աշխարհում և դատապարտյալների շրջանում հեղինակություն ունեցող Հ.Կ-ից:
Մասնավորապես, պարզվել է, որ Հ.Կ.-ի նախաձեռնությամբ վերջինիս ծանոթ, նույն քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Ա. Հ.-ն, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ի հետ 2019թ. սեպտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գործող մի ավտոլվացման կետում հանդիպել է վերջինիս և նրա ավտոմեքենայում փոխանցել կաշառքի գումարը՝ 700 000 ՀՀ դրամը: Դրանից անմիջապես հետո երկուսն էլ բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկի նախկին պետը, օգտվելով իր լիազորություններից, 2018թ. մարտին քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնում նշանակել է իր հարևանին՝ նրան վերապահելով քրեակատարողական հիմնարկի ծառայողական ավտոմեքենայի շահագործումը։
Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ Լ. Բ.-ն վերջինիս բանավոր ցուցում է տվել պահպանության ապահովման բաժին աշխատանքի հաճախելու փոխարեն կատարել իր անձնական հանձնարարություները և լինել իր անձնական վարորդը։ Նշված անձը 2018թ. մարտի 28-ից մինչև 2019թ. սեպտեմբերի 25-ը, զբաղեցնելով ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, ստանալով աշխատավարձ, պարգևավճարներ ըստ հաստիքացուցակի, փաստացի տվյալ բաժին աշխատանքի չի հաճախել, փոխարենը կատարելով ՔԿՀ պետի անձնական վարորդի պարտականություններ, որպիսի հաստիք քրեակատարողական հիմնարկում նախատեսված չի եղել։
Նշված ողջ ժամանակահատվածի համար, սակայն, կազմվել են վերջինիս՝ նշանակման պաշտոնում աշխատանքի ներկայանալը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրեր, որոնք հաստատվել են ՔԿՀ պետի կողմից։ Այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա հիշյալ ժամանակահատվածի համար նրա անվամբ հաշվարկվել և նրա քարտային հաշվին, որպես աշխատավարձ և պարգևավճար, փոխանցվել է ընդհանուր 2.4 մլն ՀՀ դրամ։ Այդ կերպ վատնման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով պետական միջոցները։
Նկատրագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, որը բողոքարկվել է վճռաբեկության կարգով։
Ընդ որում, որպես վնասի հատուցման միջոց՝ քրեական գործով կալանք է դրվել նրա անշարժ գույքի և ավտոմեքենայի վրա:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի՝ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Կ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս մտերիմ, նույն ՔԿՀ նախկին դատապարտյալ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը