15 04 2020

Փաստացի ներդրվում է դատավորներին մանրադիտակի տակ պահելու գործիք․ Իրավապաշտպան

Փաստացի ներդրվում է դատավորներին մանրադիտակի տակ պահելու գործիք․ Իրավապաշտպան

Իշխանությունն այլևս չի թաքցնում, որ ներսում կրկին տարաձայնություններ են կան․ այս անգամ պատճառ է հանդիսացել վեթինգը և դրա շուրջ ձևավորված ներիշխանական սպասումները: 

Դատելով լրահոսից ՝ վերջին օրերին ակտիվ հարձակման է անցել իշխանության սորոսական թևը «Իմ քայլականների» դեմ, նրանց չի բավարարում վեթինգի իրականցման համար ստեղծված գործիքակազմը․ նախկինների դեմ կտրուկ գործողությունների տրամադրվածությունը, ըստ նրանց, այլևս փոշիացած խոստումներ են՝ հեղափոխական արխիվից: 

Դատավորների բարեվարքություն ստուգող նոր օրենքը, որն սպասում է նախագահի ստորագրմանը, հիմքում, ըստ քննադատողների, ամենևին էլ չի պարունակում ակնկալված վեթինգի կոշտ գործիքակազմը, այդքան չարչրկված վեթինգի բովանդակության ու խոստումների միջև, ասում են, հսկայական տարբերություն կա: Սույն օրենքով իրեն տրված լիազորություների «նեղ շրջանակից» հատկապես խոր հիասթափություն է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ  Հայկուհի Հարությունյանը՝ընդգծելով, որ համընդհանուր վեթինգի կիրառման շանսը չկա և սահմանափակումները փոխում են վեթինգի բովանդակությունը: Հետևաբար ստացվում է՝ առոչինչ են դառնում նախկին պաշտոնավորներին ունեզրկելու բաղձալի բոլոր սցենարները:

Թեև պետք չէ մոռանալ ՎԵԹԻՆԳԻ գաղափարի ծնվելու շարժառիթը և միջազգային կոշտ արձագանքները դրան: 

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակումից հետո վարչապետ Փաշինյանը թիրախավորեց դատավորներին, կոչ արեց իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, և վեթինգի գաղափարն առաջ քաշելով՝ խոսեց դատարական իշխանության նորացման անհրաժեշտության մասին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել համնդհանուր վեթինգի գաղափարից:

«Հանձնաժողովին տրված գործիքակազմը բացառապես վերաբերվում է 2017 թ-ից հետո ընկած ժամանակահատվածում գույքի, եկամուտի, շահերի հնարավոր խախտումներն ուսումնասիրելուն»,- ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը: Ուստի մինչև 2017 թվականը նույն պաշտոնատար անձանց  թաքցված գործարքներն ու կեղծ հայտարարագրումները ստուգելու համար հանձնաժողովը չունի լիազորություններ: «Եվ ակնկալել որ նոր օրենքով կմաքրվի դատական իշխանությունը, թյուր կարծիք է ձևավորված, դատավորները վեթինգի չեն ենթարկվելու»,- դժգոհել է Հայկուհի Հարությունյանը: Նրա տեսակետը չի կիսում նույն պաշտոնում նախորդ իշխանության օրոք պաշտոնավարած Սիրանուշ Սահակյանը: 

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լավ է հիշում, թե ինչպես ձևավորվեց վեթինգի կեղծ օրակարգը ու իշխանության մոլեռանդ ջանքերին սառը ցնցուղ տված միջազգային կոշտ արձագանքները: 

«Նախ հիշեցնեմ, չնայած վեթինգի կեղծ օրակարգ առաջ քաշելու մի շարք հասարակական կազմակերպությունների և իշխանական ուժերի ջանքերին՝դեռևս 2019-ի հուլիսին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ իշխանությունների միջև ձեռք բերվեց համաձայնություն այն մասին, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Այսինքն, համընդհանուր վեթինգի միջոցով դատական համակարգի «վերակենդանացման» մոդելը մերժեցին ոչ միայն միջազգային կազմակերպությունները, այլ նույն ինքը՝ իշխանությունը»,- Yerevan․Today-ի հետ զրույցում  վեթինգի շուրջ զարգացումներն է ֆիքսում իրավապաշտպանը:

«Սակայն որոշ ժամանակ անց Կառավարությունը, այդուհանդերձ, հավանության արժանացրեց օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ, որն իրենց իսկ բառերով կոչվեց «դատավորների վեթինգի» փաթեթ։ 

Պառլամենտական քննարկումների ընթացքում Արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ փաթեթը հնարավորություն կտա ստուգելու դատավորների կապերն ու ազդեցությունները և ապահովել դրանցից ազատ որոշումների կայացում։ Մինչդեռ, նշված փոփոխությունը կյանքի կոչող մարմինը հայտարարեց, որ սա վեթինգ չէ։

Այս իրարամերժ հայտարարություններից պարզ է դառնում, որ իշխանության ներսում կա տարաձայնություն՝ թե՛ վեթինգի բովանդակության, և թե իրականացման ձևերի վերաբերյալ, ինչն արդեն բացասական երևույթ է»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովի նախագահը դժգոհում է նոր օրենքի անզորությունից, Սիրանուշ Սահակյանն այսպես հակադարձեց. «Oրենսդրական փոփոխությամբ փաստացի ներդրվում է դատավորներին «մանրադիտակի» տակ պահելու գործիք։

Նախ, «խեղվում է» հայտարարագրերի վերլուծության ինստիտուտը, քանի որ Հանձնաժողովին ներկայացվել է օրենսդրական խտրական պահանջ՝ վերլուծել հատկապես դատավորների հայտարարագրերը։ Երկրորդ, նախատեսվել են վերլուծությունների ժամանակային սահմանափակումներ, այն է՝ Հանձնաժողովը դա պետք է անի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։ Սա հետապնդում է երկու քողարկված և ոչ իրավաչափ երկու նպատակ

1.Կոռուպցիոն վարքագծի, հատկապես ֆինանսական դրության վերաբերյալ ուսումնասիրությունների շրջանակից «դուրս թողնել» արագ տեմպերով «կոռուպցիոն ռիսկային գոտում» հայտնվող քաղաքական էլիտային,

2.Հատուկ վերլուծությունների թիրախ դարձնել բացառապես դատավորներին և դրանով իսկ «ներդնել» նրանց վրա ներգործության «հուսալի» գործիք։

Միաժամանակ առաջարկվող փոփոխությունները կամ չեն պարունակում իրական լուծումներ, որոնք ունակ են բարեփոխել դատական համակարգը՝ առնվազն բարձրացնել դատավորների որակը, կամ նախատեսում են ոչ իրատեսական դրույթներ։ 

Օրինակ՝ Հանձնաժողովը, չլինելով օպերատիվ կամ քննչական մարմին, փաստացի չի կարող իրականացնել կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության կամ քրեական ենթամշակույթին հարելու մասին ուսումնասիրություն։ Իսկ անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պայմաններում, հանձնաժողովը կամ մատնվելու է անգործության, կամ փոխակերպվելու է քաղաքական պատվերով «արդյունք դակողի»։ Հետևաբար, նման պայմաններում դատաիրավական բարեփոխումների որևէ սպասում ձևավորելը պատրանքային է և չարդարացված»:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ