2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, ունենալով կազմակերպա-տնօրինչական լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով տնօրինելու ընկերության ֆինանսական միջոցները, կնքելու աշխատանքային պայմանագրեր, 2011թ. մարտի 1-ին համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով նույն կազմակերպությունում որպես սանիտար աշխատանքի է ընդունել ամուսնու քրոջը:
Ապա, 2011թ. մարտի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, տնօրենի հաստատապես տեղյակ լինելու պայմաններում, այդ անձի ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմվել են բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկութ¬յուն¬ներ են ներառվել նշված ժամանակահատվածում վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ:
Բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում չաշխատած օրերի դիմաց կազմակերպության բյուջեից որպես աշխատավարձի գումարներ այդ անձի անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր շուջ 3.5 մլն ՀՀ դրամ, որը վերջինս ստացել և օգտագործել է իր անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության միջոցներից առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։
Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը