ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այն, ինչին ականատես է լինում հանրությունը՝ կապված նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքի հետ, դժվար է բարեվարքության սահմաններում օգտագործվող բառերով բնութագրել: Պետք է առնվազն մտոք կույր, այսինքն՝ դաուն, լինել, որպեսզի ընդունելի համարել այս պայմաններում դատավորի քթի վիրահատության անխուսափելի անհրաժեշտությունը։
Մի՞թե պարզ չէ, որ դատավորն ինքնագլուխ նման քայլի չէր գնա: Ավելին, առանց երկյուղի զգացողության նման բան այդ կինն իր մտքի ծայրով, անգամ, չէր անցկացնի: Պարզ է չէ՞, որ նրան, մեղմ ասած, հորդորել են հրատապ վիրահատվել՝ նախօրոք համաձայնեցնելով վարչապետի հետ (արդյո՞ք կա գեթ մեկ մտածելու ունակ մարդ, որը համոզված չէ, որ վարչապետն անձամբ է հետեւում նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքին): Ըստ էության, իշխանությունները գտել են Քոչարյանի կալանքի ժամկետը ձգձգելու ‹‹պողոսներին›› հարիր տարբերակ:
Եվ սա այն դեպքում, երբ բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորում են պետությունների ղեկավարներին համավարակի պայմաններում հնարավորինս սահմանափակել կալանքի տակ գտնվող անձանց քանակը եւ հատկապես այն անձանց, որոնք գտնվում են, տարիքային առումով, ռիսկային խմբում: Կրկնում եմ, դժվար է բարեվարքության շրջանակներում որակել այս երեւույթը: Ամենամեղմ ձեւակերպմամբ՝ դա անբարո է, անմարդկային եւ ոչ քրիստոնեավայել: Իսկ քաղաքական առումով, այլեւս առանց վարանելու, կարելի է պնդել՝ սա քաղաքական հակառակորդի հանդեպ անձնական վրեժխնդրություն է՝ քաղաքական վենդետա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը