09 04 2020

Եթե դատավորի՝ քթի պլաստիկ վիրահատությունն անհետաձգելի չի եղել, ապա այն մարդու իրավունքների նկատմամբ ծաղր է. Արամ Վարդևանյան. Tert.am

Եթե դատավորի՝ քթի պլաստիկ վիրահատությունն անհետաձգելի չի եղել, ապա այն մարդու իրավունքների նկատմամբ ծաղր է. Արամ Վարդևանյան. Tert.am

Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի պլաստիկ վիրահատությունն անհետաձգելի չի եղել, իրենից ենթադրում է մարդու իրավունքների նկատմամբ ծաղր, պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն առաջացրել է վնաս կոնկրետ անձի իրավունքներին և օրինական շահերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:

«Արդյո՞ք քթի պլաստիկ վիրահատությունն անհտաձգելի էր այն դեպքում, երբ Դանիբեկյանի կողմից քննվող գործով կար կալանավորված անձ, և Դանիբեկյանը շատ լավ տեղյակ էր, որ մարտի 13-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ առողջական խնդրով պայմանավորված, և անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու հարցի քննությունը պետք է անհապաղ կատարվեր»,-ասել է փաստաբանը՝ նշելով, թե դա իրենից դատական իշխանության հեղինակազրկում է ենթադրում:

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ այսօր նաև ԲԴԽ-ն էր հաղորդագրություն տարածել Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ՝ աշխատանքի վերադառնալու ժամկետ նշելով ապրիլի 17-ը:

«Նշված է, թե բուժող բժշկի՝ թույլ տալու դեպքում Դանիբեկյանը կներկայանա աշխատանքի: Հետաքրքիր է՝ ինչպիսի վիրահատության մասին է խոսքը, որն իրենից ենթադրում է 33 օր անաշխատունակություն, որը բուժող բժիշկը կարող է նաև երկարաձգել: Երբ խոսում ենք ծանր վիրահատությունների մասին, դրանից շատերը հենց 30 օր հետվիրահատական շրջան են ենթադրում, բայց ծանր ասելով՝ նկատի ունենք կյանքի համար էական նշանակություն ունեցող, անհետաձգելի վիրահատությունները: Եթե պարզվի, որ նշված վիրահատությունն իրենից չի ենթադրել անհետաձգելի վիրահատություն, դա, ի թիվս այլի, ամբողջությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը»,-ասել է Վարդևանյանը:

Վերջինս կարևորեց նաև, թե արդյո՞ք քթի պլաստիկ վիրահատությունը տեղավորվում է բժշկական գաղտնիքի մեջ, որ այս ամբողջ ընթացքում փաստաբանները դրա մասին չեն տեղեկացվել: «Քթի վիրահատությունն այլ վիրահատություններից տարբերվում է նրանով, որ կարելի է նախկին մի լուսանկար գտնել և նոր լուսանկարի հետ համադրելու պայմաններում պարզել, որ նման վիրահատություն է տեղի ունեցել»,-նշել է նա:

Փաստաբանն ընդգծել է` այս օրերին, երբ երկիրը գտնվում է համաճարակային պայմանններում, հարյուրավոր դատավորներ ամեն օր ներկայացել են աշխատանքի, եղել են տասնյակ դատավորներ, որոնք սեփական նախաձեռնությամբ, կորոնավիրուսով պայմանավորված, նիստեր են անցկացրել՝ չսպասելով ո՛չ պաշտպաններին, ո՛չ դատավարության կողմի ներկայացուցիչներին:

Հիշեցնեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։

ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ փաստաբանական թիմը բազիցս նշել է, որ սա անօրինական է: Իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ