Tert.am-ը գրում է․ «Անցած տարի նոյեմբեր ամսին ես երկու ժամ մասնակցեցի Ռոբերտ Քորչարյանի ու մյուսների գործով դատավարությանը և հասկացա, որ այդ ամենը թատրոն է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Միջազգային քրեական» դատարանի անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այդ դատական նիստից հետո փաստաբանն այլևս չի ներկայացել դատական մյուս նիստերին։
Ըստ Սևակ Թորոսյանի՝ իրավական տեսանկյունից այս դատավարությունն իրենք հաղթել են․ «Երեսունից ավել խախտումներ ենք արձագանքել, որոնք ուղարկել եմ եվրոպական մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»։
Սևակ Թորոսյանն անընդունելի է համարում այն հանգամանքը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ռոբերտ Քոչարյանին, ով այս օրերին գտնվում էր Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում, նորից տեղափոխել են մեկուսարան․ «Պետք է Ռոբերտ Քոչարյանին բժշկական կենտրոնից տուն ուղարկեին, մինչդեռ նորից մեկուսարան տեղափոխեցին»։
Ըստ փաստաբանի՝ իշխանության կողմից նման պահվածքը պետական մահափորձի նման քայլ է․«Երբ ՄԱԿ-ն ասում է, որ կալանավորներին պետք է տուն ուղարկել, Հայաստանի իշխանություններն անում են հակառակը։ Եթե Ռոբերտ Քոչարյանին որևէ բան պատահի այս ժամանակահատվածում, ես պատրաստ եմ դիմել «Միջազգային քրեական» դատարան, որպեսզի ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին ու գործը քննող դատավորին, որը պետք է քննի խափանման միջոցի հարցը, կանչեն պատասխանատվության»։
Խոսելով վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի չկայանալու մասին, որը պայմանավորված է դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելով, նշել է․ «Եթե դատավորը չի կարողանում ներկայանալ դատական նիստին, ու դատական նիստը չի կայանում, պետք է անձն ազատ արձակվի»։ Սևակ Թորոսյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ նախնական կալանքն ու պատիժը չի կարելի շփոթել։
Ըստ փաստաբանի, եթե իշխանության փափագն է ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը, ապա դա ժողովրդավարության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը