03 04 2020

Ազատազրկվածների առողջության համար պետությունն է պատասխանատու. Մելիքյան․ News.am

Ազատազրկվածների առողջության համար պետությունն է պատասխանատու. Մելիքյան․ News.am

News.am-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մյուս 28-ը ևս մեկուսացված են։ Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել անազատության մեջ պահվող անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև իրավապաշտպանների շրջանում։ Համաճարակային իրավիճակի, ազատազրկված անձանց շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Պարոն Մելիքյան, արդեն իսկ հայտնի է, որ քրեակատարողական համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, ահազանգեր կան, որ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում։ Ի՞նչ եք կարծում ստեղծված իրավիճակում մեծ չէ՞ հավանականությունը, որ կորոնավիրուսը կմտնի ՔԿՀ–ներ։

Մարտի 16–ին ՀՀ–ում արտակարգ դրություն հաստատելու կառավարության որոշմամբ լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին ՔԿՀ–ներում։ Արգելվեց կալանավորված անձանց հանձնուքների  փոխանցումը, սահմանափակվեցին նրանց հետ  տեսակցությունները և այլն։ Սակայն այդ միջոցառումների շարքը, իհարկե, ուներ «աքիլեսյան գարշապար»։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէր ՔԿՀ աշխատակիցներին ամբողջությամբ մեկուսացնել և այդ եղանակով կանխել համավարակի «մուտքը» ՔԿՀ–ներ։ Ի տարբերություն այլ հաստատությունների, ՔԿՀ–ներում պահվող անձինք պետության հոգածության ներքո են, և նրանց առողջության  համար ամբողջությամբ պատասխանատու է պետությունը։

Աշխարհի տարբեր երկրներում  նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցներ են ընտրում և բանտերից ազատ  արձակում ոչ ծանր հանցագործություն կատարածներին կամ նախնական կալանքի տակ գտնվողներին։ Արդյոք մեր երկրի համաճարակային  իրավիճակը բավարար չէ, որպեսզի  Հայաստանը ևս նման քայլի գնա։

Մեզ մոտ այս ուղղությամբ դեռևս տեսանելի քայլեր չկան, միայն կարելի է ողջունել դատական իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից կալանավորումն անազատության  հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու վերջին օրինակները, երբ դատավորները հղում էին կատարում Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ 

Վերջին օրերի պատկերը, սակայն  վկայում է, որ շատ դատավորներ, այնուամենայնիվ խուսափում են  այդ հիմքով ազատ արձակել կալանավորներին, անգամ եթե խոսքը վերաբերվում է  ոչ ծանր հանցագործության մեջ մեղադրվող և ռիսկային խմբում գտնվող անձանց։ Հնարավո՞ր է դատական համակարգը  ազդակ է սպասում իշխանություներից։

Դատական իշխանության դերն այստեղ չի կարող գերակա լինել, քանի որ դատական իշխանությունը կոնկրետ դեպքում կոնկրետ անձի վերաբերյալ է որոշում կայացնում։ Այստեղ պետք է լինի համակարգային լուծում, նոր կանոններ։

Խոսքը օրենսդրական լուծումների  մասի՞ն է ։

Իմ պատկերացմամբ՝  քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու վերաբերյալ խայտառակ օրենքը, որը մի օրվա մեջ երկու անգամ արտահերթ նիստ հրավիրելով իշխող քաղաքական ուժն  անցկացրեց, պարունակում էր հնարավորություններ, որոնք կարող էին  օգտագործվել անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ։ Օրինակ՝ կարելի էր մտածել գոնե այս ժամանակահատվածի համար քրեական դատավարության  օրենսգրքում տնային կալանքի ինստիտուտը  ներդնելու մասին, և այդ անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային միջոցներով։ Կարծում եմ, ապրիլի 14-ին ավարտվող արտակարգ դրության վերաբերյալ իրավական ռեժիմը կերկարաձգվի, և ես կոչ եմ անում իշխանություններին այսօրևեթ մտածել, որպեսզի այդ որոշման մեջ լինեն ՔԿՀ–ներում պահվող անձանց նկատմամբ ավելի հստակ կարգավորումներ։ Իմ առաջարկած տնային կալանքի գործիքը կարելի է մեծ թվով անձանց նկատմամբ կիրառել։ Կարծում եմ՝ կառավարությունը կարող է ապահովել այս միջոցի տեխնիկական կողմը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, մինչդեռ փաստաբաններն ահազանգում են, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՔԿՀ–ի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։ Արդյոք մտահոգիչ չէ՞ այս հարցը։

Ինչպես երկրորդ նախագահի, այնպես էլ անազատության մեջ պահվող ցանկացած այլ անձի  առողջության մասով պետությունը կրում է ամբողջական  պատասխանատվություն,   և այս տեսանկյունից ողջամիտ եմ համարում այն մոտեցումը, որ անհրաժեշտ   է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որ քրեակատարողական ծառայողների միջոցով կալանավորների  վարակման ռիսկը զրոյացվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ