Ցանկացած ֆորս մաժորային դեպքերում, ոչ միայն կորոնավիրուսի հետ պայմանավորված, հարցը պետք է լուծվի հոգուտ մարդու, որը տվյալ դեպքում անազատության մեջ է: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությանը, ըստ որի՝ կդիտարկվի կալանավորված անձանց այլընտրանքային խափանման միջոցի հարցը:
Մեր զրուցակիցը նշեց, որ ողջունում է դատախազության այս քայլը, սակայն կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե որոշումը լիներ դատավորներինը. «Սա էլի մի քիչ սովետական իներցիա է, որ ինչ կասի դատախազությունը, դա էլ կանեն: Ես չեմ գտնում, որ դա այն միակ ճանապարհն է, որով պետք է գնանք: Ես ավելի շատ կողջունեի, եթե որոշումը լիներ դատավորներինը, իրենք հստակեցնեն, որ այն վիճակը, որում գտնվում են կասկածյալները, ավելի դյուրին կլիներ, եթե խափանման միջոցը փոփոխվեր: Այդ դեպքում նախ և առաջ պետությունը պատասխանատվություն չէր կրի վարակի հավանական տարածման համար, 2-րդ, եթե մենք գնանք այդ ճանապարհով, ապա հիմնավոր կասկածներ կլինեն, որ այստեղ ընտրովի մոտեցում կլինի: Կարծում եմ, որ պետք է հակառակն արվի՝ արդյո՞ք կան այնպիսինները, որոնք խիստ վտանագավոր են հանրության համար: Այդ թիվը, անշուշտ, կլինի շատ ավելի քիչ, և նրանց համար կարելի էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վարակից պաշտպանված լինեն:
Բոլոր պարագաներում, գտնում եմ, որ երբ անձն ուղղակի ծանր հետևանքներով վտանգ չի ներկայացնում հասարակության համար, նրա խափանման միջոցը պետք է փոխվի: Դա պետք է ոչ միայն դատախազության առաջարկությամբ լիներ, այլ մենք ունենք Առաջին ատյանի դատավորների խորհուրդ, որը պետք է առաջարկությամբ ներկայանար: Գտնում եմ, որ ահա այստեղ էր այդ հասարակական կազմակերպության դերը ցույց տալու տեղը»:
Ինչ վերաբերում է կասկածին, որ այս պարագայում, երբ դատախազությունն է անելու ուսումնասիրությունները, հնարավոր է ընտրովի մոտեցում լինի, իրավապաշտպանը մանրամասնեց. «Երբ ասում եմ, որ կարող է ընտրովի մոտեցում լինել, պրակտիկան է ցույց տվել, որ դրա համար հիմնավոր կասկածներ կան: Այնպես որ, ճիշտն այն կլիներ, որ դատավորների խորհուրդը քննարկեր ու ընդուներ պրոֆեսիոնալ դիրքորոշում:
Անկախության առաջին տարիներին էլ սովետական պրակտիկան դեռ ուժեղ էր, այդ ժամանակ էլ տեսել ենք վաղաճամկետ ազատ արձակելու պրակտիկան, և հիմա այնպես չէ, որ մենք միանգամից դարձանք իրավապահ, իրավունքը, օրենքը հարգող հասարակություն: Դրա համար այստեղ վտանգը շատ մեծ է: Ընդհանրապես, ընտրովի դատավարությունը, ընտրովի արդարությունն ամենավտանգավոր երևույթներն են»:
Խոսելով այն մասին, թե արդյո՞ք այսօր որևէ մեկին կալանքից ազատելը կամ անազատության մեջ պահելը չի դարձել քաղաքական նպատակահարմարություն, իրավապաշտպանն ասաց. «Մեզ մոտ ոչ թե քաղաքականացված է, այլ անձնավորված: Խնդիրը դա է, որովհետև, եթե մենք էլի երևույթների մեջ փնտրեինք, լուծումը կարելի էր գտնել, բայց այստեղ անձնավորված է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը