01 04 2020

Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականությո՞ւն․ Գոլոս Արմենիի

Լրտեսում. Օրուելի հակաուտոպիան դառնում է իրականությո՞ւն․ Գոլոս Արմենիի

Գոլոս Արմենիի-ն գրում է․ «Ես պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում արվող փոփոխությունների առնչությամբ»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց փաստաբան Հայկ ԱԼՈՒՄՅԱՆԸ։

-Հայաստանի կառավարությունը հետևելու է քաղաքացիների տեղաշարժին հատուկ էլեկտրոնային հարթակի օգնությամբ, հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստում, ներկայացնելով ԱԴ մասին օրենքում կատարելիք փոփոխությունների փաթեթը։ Բոլոր տվյալները կհավաքվեն էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման պետական հաստատությունում։ Իսկը Ջորջ Օրուելի «1984» հակաուտոպիա-վեպի իրականացում։ Ի՞նչ կասեք։

-Կասեմ, որ անձամբ ես՝ իմ անունից, որպես մեր երկրի քաղաքացի, որի վրա տարածվելու է նման նորամուծությունը, պատրաստվում եմ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԴ մասին օրենքում արվող տվյալ լրացումների սահմանադրականության առնչությամբ։ Ես վիճարկելու եմ այդ միջոցների սահմանադրականությունը։ Սա իսկապես Օրուելի ստեղծագործության վերածում է իրականության. ինչպես երևում է, ինչ-որ մեկն անչափ ցանկանում է դառնալ «Ավագ Եղբայր»։ Օրուելի վեպում «Ամենատես աչքի» դերը կատարում էր հեռուստացույցը, իսկ մեզանում կլինի սմարթֆոնը։ Այնտեղ մարդուն հետևում էին միայն տանը, մեզ հետևելու են ամենուր։ Տոտալ վերահսկողություն։

-Այդ քայլը բացատրում են համավարակով, արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների առողջության մասին հոգատարությամբ …

-Կիրառվող ցանկացած միջոց պետք է զուգաչափ լինի հետամտվող նպատակին։ Այստեղ մենք տեսնում ենք ակնբախ անզուգաչափություն։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Եթե միջոցն ամենաբացահայտ կերպով անզուգաչափ է հետամտվող նպատակին, ապա դա արդեն հակասահմանադրական է։ Կառավարությունը հավաստիացնում է, թե մարդու անձնական տվյալների ցանկացած չարտոնված օգտագործում կպատժվի օրենքով, թե ամեն ինչ արվում է ի նպաստ քաղաքացիների բարօրության, հանուն կորոնավիրուսի դեմ պայքարի։ Բայց ներեցեք. իրականում ո՞վ է բացատրելու, թե ինչպես է այդ ամենն օգտագործվում։ Եվ եթե ինչ-որ մեկը միշտ տեղյակ է լինելու, թե ինչով եմ ես զբաղված, ինչ եմ անում, ապա ինձ համար արդեն տարբերություն չկա՝ դա հայտնի է մեկ մարդու, թե երեք միլիոնի։ Կարևոր է բուն փաստը։ Հասկանո՞ւմ եք, եթե նույնիսկ մեկ մարդու մշտապես, ցանկացած պահի օնլայն հայտնի է, թե ինչով եք դուք զբաղված, ապա ձեզ համար արդեն խոսք անգամ լինել չի կարող նորմալ կենսակերպի մասին. միայն բուսական գոյություն։

-Իսկ իր ներկայիս կիսաամորձատված վիճակում ի վիճակի՞ է արդյոք ՍԴ-ն նման հարցեր քննարկել արտակարգ ռեժիմով։

-Ես չգիտեմ, թե ինչ ժամկետում Սահմանադրական դատարանը կդիտարկի տվյալ հարցը և ինչ կորոշի։ Բայց յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար։ Այսինքն ՍԴ-ն այնուհետ պատասխանատու է լինելու իր որոշման համար։ Անձամբ ես կանեմ այն, ինչ ինձանից է կախված։ Կարծում եմ, տվյալ իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ասելիք ունի։ Քանզի փաստն ինքնին պարզապես ճչացող է։ Այսօր իշխանությունն արդարանում է համավարակի դեմ պայքարով, վաղը կարող է ասել՝ մեզ համար գերակայություն է հանցավորության դեմ պայքարը, եկեք ամեն մարդու վրա միկրոտեսախցիկ ամրացնենք, որպեսզի դա նրան սաստիկ չխանգարի, և օրենքով պարտավորեցնենք միշտ միացրած պահել այն։ Որպեսզի միշտ կարողանանք իմանալ, թե ով, որտեղ ու ինչով է զբաղված, և կարողանանք միանգամից բացահայտել հանցագործությունները։ Հիմնավորելով դա նրանով, որ այդպիսի տեսախցիկ կրող մարդը գողություն կամ մարդասպանություն չի կատարի։ Իբր՝ եթե, պայմանականորեն ասած, հիմա մեզանում տարեկան տեղի է ունենում 3000 կողոպուտ և 100 սպանություն, ապա ձեռնարկելով նման միջոցներ, մենք կարող ենք փրկել 90 կյանք, իսկ այդ երեք հազարն արդեն չեն համարձակվի կողոպտել։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ լավ ենք մենք նման միջոցով կյանքեր փրկում։ Տեսեք, թե ինչպես է իշխանությունը շահարկում համավարակի թեման, փորձելով խղճահարություն առաջացնել. իբր՝ սկսելով տոտալ լրտեսումը քաղաքացիների հանդեպ, մենք կյանքեր ենք փրկում։ Բայց նույնը կարելի է ասել ցանկացած այլ առիթով։

-Ես կասեի, փորձում են առաջացնել ոչ այնքան խղճահարություն, որքան վախի զգացում…

-Համամիտ եմ։ Ընդ որում բնակչության ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր Օրուել չեն կարդացել, կմտածեն. ի՜նչ հիանալի է, որ պետությունը այդչափ հոգ է տանում մեր մասին։ Չէ՞ որ իր վեպում Օրուելի նկարագրած սարսափելի ամենը նույնպես մի ակնթարթում չառաջացավ, այնպես չէ՞։ Այլ առաջացավ ահաբեկչության, համաճարակի, հանցավորության, այլախոհության դեմ պայքարի վկայակոչումով և, գլխավորը, հանուն մարդու նկատմամբ հոգատարության։ Իսկ արդյունքում՝ տոտալ վերահսկողություն քաղաքացիների հանդեպ։ Այսօր մեր կառավարությունը պատճառաբանում է «լրտեսումը» կորոնավիրուսի դեմ պայքարով, թեև իրականում նման քայլն ընդհանուր ոչինչ չունի կյանքեր փրկելու հետ։ Իսկ վաղը, կրկնեմ, համանման քայլերը կպատճառաբանվեն հանցավորության դեմ պայքարով։ Յուրաքանչյուրի ճակատին տեսախցիկ կփակցնեն, ու թող ման գան իրենց համար…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ