Pastinfo-ն գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը կշարունակվի մայիսի 4-ին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Գեորգի Մելիքյանից:
Վերջինս հավելեց` դատավոր Կարեն Ֆարխոյանը պահանջել է, որ դատական մյուս նիստին ներկա լինեն նաև ՀՔԾ և ԱԱԾ քննիչները:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։
Այս որոշումից հետո այլ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ու հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Թեեւ անգամ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը:
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործն էլ վերամակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը