19 03 2020

Մենք ենք միշտ փորձել դատական իշխանության հեղինակությունը պաշտպանել. Խուդոյան

Մենք ենք միշտ փորձել դատական իշխանության հեղինակությունը պաշտպանել. Խուդոյան

News.am-ը գրում է․ «Մենք ենք այսքան ժամանակ մեր ելույթներով փորձում դատական իշխանության հեղինակությունը պաշտպանել, դատավորի անկախությունը պաշտպանել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մարտի 17-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հետաձգված դատական նիստին իր՝ դատախազի աթոռին նստելու եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ դատավորի աթոռին նստելու իրադրությանը։

«Եթե գնահատական տված լինեինք, որ աթոռին ենք նստել, ապա չէինք անի։ Եթե ապօրինի կամ անհարգալից քայլ նկատեինք մեր կողմից, ապա մենք նման քայլի չէինք գնա։ Մենք ենք այսքան ժամանակ մեր ելույթներով փորձում դատական իշխանության հեղինակությունը պաշտպանել, դատավորի անկախությունը պաշտպանել»,- ասավ Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված եւ դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների  գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսեւորած վարքագծի առնչությամբ:

Կից՝ դիմումի բովանդակությունը.

«Հարգելի պարոն Զոհրաբյան,

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին հրավիրվել է դատական նիստ: Դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, որի մասին դատարանի աշխատակազմը նախապես դատավարության մասնակիցներին, այդ թվում` ամբաստանյալների պաշտպաններին տեղեկացրել է հեռախոսազանգի միջոցով:

Այդուհանդերձ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդեւանյանը, Միհրան Պողոսյանը եւ Հովհաննես Խուդոյանը 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ի սահմաններում ներկայացել են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր եւ մուտք են գործել թիվ 1 դատական նիստերի դահլիճ:

Դատական նիստերի դահլիճում գտնվելու ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք դատարանի եւ դատավարության մյուս մասնակիցների հանդեպ: Մասնավորապես` պաշտպան Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց եւ դատական կարգադրիչների պահանջներից հետո միայն դադարեցրել իր գործողությունները, պաշտպան Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում (այն սեղանի շուրջ, որտեղ տվյալ գործով դատական նիստերին մասնակցում են մեղադրողները), Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել: Գտնվելով դատական նիստերի դահլիճում՝ վերջիններս ծաղրական վերաբերմունք են դրսեւորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել «դատավարություն» եւ կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ:

Պաշտպանների վերոնշյալ վարքագիծը տեսաձայնագրվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որեւէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

«Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է պահպանել սույն օրենքի, փաստաբանի վարքագծի կանոնագրքի եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները:

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 1.1 կետի համաձայն` փաստաբանի գործունեությունը փաստաբանի վրա դնում է բազմազան իրավական եւ բարոյական պարտականություններ՝ դատարանների եւ այլ մարմինների առջեւ, որտեղ փաստաբանը ներկայացնում է վստահորդի շահերը: Այս հարաբերություններում փաստաբանը պետք է հարգանքով վերաբերվի այն մարմիններին, որոնց հետ նա առնչվում է, պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը, ինչպես նաեւ արդարադատության պատշաճ եւ իրավաչափ իրականացմանը:

Կանոնագրքի 2.2.2 կետի համաձայն` մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական կամ այլ բնագավառում (ոլորտում) փաստաբանը պետք է խուսափի այնպիսի վարքագծից (գործողությունից կամ անգործությունից), որը կարող է կասկածի տակ դնել կամ խաթարել փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը:

Կանոնագրքի 4.1 կետի համաձայն` փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջեւ, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ տրիբունալի գործունեությունը կարգավորող կանոններին, այդ թվում՝ պետք է հարգանքով վերաբերվի դատավորին եւ/կամ դատավարության մյուս մասնակիցներին: Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը չի սահմանափակում փաստաբանի՝ դատավորի, արբիտրի, կամ վարույթի այլ մասնակիցների գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Փաստաբանը դատարանի հանդեպ հարգանք դրսեւորելու հետ միաժամանակ պետք է իր վստահորդի շահերը պաշտպանի անկաշկանդ եւ անվախ՝ հաշվի չառնելով իր անձնական շահերը:

Այսպիսով, գտնում ենք, որ 2020 թվականի մարտի 17-ին թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով պաշտպանների վերը նկարագրված վարքագծով անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել դատարանի եւ դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջեւ նվազեցնել դատական իշխանության եւ արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 39-րդ եւ 39.1-րդ հոդվածներով` խնդրում ենք միջոցներ ձեռնարկել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ամբաստանյալների պաշտպաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ:

Կից ներկայացվում է տեսաձայնագրությունը լազերային կրիչով:

Հարգանքով՝ Ռուբեն Վարդազարյան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ