12 03 2020

«Հարսնաքարի գործը» կվերանայվի՞. զարգացումներ՝ միայն թե «Նեմեց Ռուբոն» ձերբակալվի

«Հարսնաքարի գործը» կվերանայվի՞. զարգացումներ՝ միայն թե «Նեմեց Ռուբոն» ձերբակալվի

Ոստիկանությունում և մեկ այլ ուժային կառույցում այս օրերին լուրջ լարվածություն կա, հերթական հրահանգն է իջել՝ «Հարսնաքարի» գործով փորձում են քրգործի վերանայմանը հասնել, ենթադրվում է՝ նոր սցենարներ են գրվել:

YerevanToday-ին հասած խիստ հավաստի տվյալներով՝ որոշ անձիք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, քրեակատարողական հիմնարկում սկսել են ինտենսիվ աշխատել «Հարսանաքարի» հայտնի գործով ազատազրկված անձանց հետ, որոնք Ռուբեն Հայրապետյանի («Նեմեց Ռուբո») անձնական թիկնազորից էին:

Ենթադրվում է, որ խնդիր է դրված՝ Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրված անձանց հետ աշխատել և հասնել նրան, որ 6 դատապարտվածներից գոնե երկուսից ցանկալի ցուցմունքներ կորզվի Ռուբեն Հայրապետյանի դեմ:

Սա միակ ակտը չէ, որին ձգտում են հասնել ուժայիններում։ Ասում են՝ երկրորդ հանձնարարականն իջել է ուղիղ ոստիկանապետի պաշտոնակատարին:  6-րդ վարչության դիմակավորված անձիք  առաջիկա օրերին  ամեն գնով պիտի կարողանան  Ռուբեն Հայրապետյանին պառկեցնել  ասֆալտին:

Ավելին, ասում են՝ հրահանգողի զայրույթն այն աստիճան է պոռթկացել, որ ընդհուպ ասվել է՝ «…գործողությունները պետք է անել «գրանդիոզնի» մակարդակով ու նկարել, որ ամեն մեկն իր չափը ճանաչի»:

Այս մեսսիջը, իհարկե, միայն Ռուբեն Հայրապետյանին ուղված չէ, սա, ըստ էության, հասցեագրված է բոլոր այն անձանց՝ ընդհուպ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց սուր քննադատություններով իշխանության վարած քաղաքականության հանդեպ այլակարծություն են ձևավորում: Փաստորեն, չափը պիտի ճանաչեն նաև նրանք, ովքեր համարձակորեն կշարունակեն հեգնանքով, նսեմացոնող արտահայտություններով  մեկնաբանել իշխանության գլուխ հասած անձի բոլոր տիպի գործողությունները: 

Պետք է նկատել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքար սկսած իշխանությունը նույն կերպ մի մեսսիջ էլ արեց օրեր առաջ, երբ Ռուբեն Հայրապետյանի ընկերոջ՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) տուն կեսգիշերով ագրեսիվ  ներխուժելու   տեսարաններ բեմադրեց՝ 6-րդ վարչության՝ շուրջ 100 օպերներով հանդերձ, որոնք, ի դեպ, ցուցադրաբար՝ զենք ու մահակներով, ջարդել էին խաղաղ քնած ընտանիքի դուռ ու լուսամուտները, միայն թե առավել տպավորիչ թվան:

Այս ամբողջ գործողություններից կարելի է ենթադրել, որ ոստիկաանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ջանասիրաբար պատրաստվում է վարչապետի նախանշած  մարտի 19-ին հայտարարվող նշանակումների օրվան․ այսպիսով լուրջ քննություն է հանձնում՝  այդ պաշտոնում հաստատվելու համար:  Սակայն նկատենք, որ մի քանի համառ փորձերից հետո էլ Արման Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում  ասֆալտին փռել Վստրեչի Ապերին։ Չմոռանանք՝ պաշտոնյայի ձախուղման փաստերն արտահոսք եղան օրեր առաջ։ https://hraparak.am/post/acd97b5eb0a997eccb08061642897dce?fbclid=IwAR0ggYdRj6thXyNvMppivpMj6EtKRBXsrCE8bI8xse6BAvO1rT5LTtkmH3w

Այդուհանդերձ, ի՞նչ է պլանավորում իշանությունը, ի՞նչի է  ուզում համառորեն հասնել, որին քիթը չի հասնում՝ անգամ շանտաժների միջոցով: Հետաքրքիր է՝ ի՞նչ գործարք էր ի վերջո առաջարկվել Վստրեչի Ապերին՝ X պաշտոնյայի կողմից և ո՞վ էր այդ համարձակը, որ հանդգնել է մանևրել «նոր Հայստանում»՝ վարչապետ Փաշինյանի  բերած ժողովրդավարությունը փոշիացնելով, և ի վերջո ՝որքանո՞վ է այդ գործարքն առնչվում հենց Ռուբեն Հայրապետյանի հետ:

Փորձեցինք մեր այս տեղեկությունների ու հարցադրումների  պարզաբանող պատասխանը ստանալ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ