04 03 2020

Սուտ է, թե 25 տարեկան դատավոր նշանակելով՝ պայքարելու են կոռուպցիայի դեմ.Օրբելյան

Սուտ է, թե 25 տարեկան դատավոր նշանակելով՝ պայքարելու են կոռուպցիայի դեմ.Օրբելյան

Tert.am-ը գրում է․ «Տարիքը չպետք է լինի հիմնական քննարկվող հարցը, իհարկե, 25 տարեկանը բավականին երիտասարդ է դատավոր լինելու համար, բայց ավելի կարևոր խնդիր է՝ ինչ ընթացակարգով են նշանակվում, ինչ երաշխիք կա դատական անկախության հետ կապված և վերջիվերջո, որն է փոփոխության պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանն անդրադառնալով դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին:

Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է դատավորների նշանակման տարիք սահմանել 25 տարեկանը:

Արամ Օրբելյանը նշեց, որ եթե խնդիր է և 28 տարեկան բավականաչափ երիտասարդներ չկան դատավոր նշանակելու համար, դա այլ խնդիր է, եթե գտնում են, որ ճիշտը տարիքային սահմանափակում չլինելն է, դա այլ հարց է:

«Այն արգումենտը, որ բերված է, թե անկաշկանդության և կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է, որ դատավորները 25 տարեկան լինեն, այդ արգումենտը հիմնավոր չէ: Ուղղակի ես չեմ կարծում՝ երեք տարին այն ժամկետն է, որի շրջանակներում այդ խնդիրը կլուծվի: Բացի այդ ԱԺ-ում թե իշխանության, թե ընդդիմության կողմից զուտ տարիքը հիմնական բանավեճի խնդիր դարձնելը հիմնավոր չէ, քանի դեռ մնացած հարցերը, որոնք ավելի առաջնային են, կարգավորված չեն»,- նշեց նա:

Թե որն է ամենալուրջ խնդիրը՝ Օրբելյանն ասաց, որ ամենալուրջը համապատասխան դատարանի անկախության խնդիրն է: «Մենք այս պահին տեսնում ենք, որ պրակտիկ դաշտում դատավորների անկախության լրջագույն խնդիր կա: Այստեղ երկու մասի պետք է բաժանել խնդիրը. առաջինը՝ ներքին անկախության հարցն է, որ դատավորներն ինքնացենզուրայի չենթարկվեն, մյուսը՝ օրեսնդիրի նաև հանրության կողմից դատավորի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդիրն է: Եթե մենք չունենք գործուն կառուցակարգեր այս պահին, որը կապահովի՝ ամեն մեկը չկարողանա վեր կենա դատավորի մասին ինչ-որ տեղեկատվություն տարածի ու անպատիժ մնա, կառավարությունը չունի բավարար քաղաքական կամք դրանք իրականացնելու, ապա տարիքը ավելացնելու կամ նվազեցնելու հարցը արհեստական օրակարգ է»,- ընդգծեց նա:

Օրբելյանի կարծիքով՝ մինչև իրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթի քննարկումը, պետք է գործող օրենսդրական լուծումները կյանքի կոչվեն, կայնքի կոչվելու ժամանակ հասկանանք ինչ խնդիրներ են առաջ եկել, նոր դրանից հետո խնդիրները կարգավորենք, որովհետև այդ 25 տարեկան դատավորը 3 տարի հետո դառնալու է 28 տարեկան: «Ցանկացած օրենսդրական փոփոխություն ունի մի պարզ տրամաբանություն՝ ինչու ենք այդպես անում, ինչն է պատճառը: Երբ ասում են պատճառն այն է, որ 25 տարեկանում նշանակելով՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում եմ՝ չեմ հավատում, սուտ է: Այդ 25 տարեկան դատավորը երեք տարի հետո լինելու է 28 տարեկան: Եթե մենք ելնենք այդ տրամաբանությունից որ 28-ը կոռումպացված է, 25-ը կոռումպացված չէ, դա նշանակում է, որ բոլոր դատավորները պետք է երեք տարով նշանակվեն: Ակնհայտ է, որ այս հիմնավորմամբ այս փոփոխությունն ընդունելի չէ: Ես չեմ տեսել այլ երկրի որևէ միջազգային համեմատական փորձ, որ տարիքի նվազեցումը բերել է դատարանի նակտմամբ վստահության կամ կոռուպցիոն ընկալման նվազեցման: Երբ փոփոխությունը կատարվում է չհիմնավորված, և այն պատճառաբանությունը, որը բերվում է բավականին կասկածելի է՝ ակնհայտորեն, այդ փոփոխությունները չպետք է կատարվեն»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ գործող օրեսնդրությունն էլ հնարավորություն է տալիս, որ բավականին լուրջ փոփոխություններ արվեն դատական համակրգում. «Իհարկե, դա չի նշանակում, որ օրեսնդրական փոփոխություն պետք չէ, բայց ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը կատարվում է, պետք է ունենա առանձին-առանձին հիմքեր: Պետք է անել հետազոտություն, հասկանալ այդ փոփոխությունները, եթե որևէ այլ տեղ կիրառվել են ինչ ազդեցություն են ունեցել: Այսինքն՝ խնդիրը ոչ ոք չի չափել, դատարանների վստահության մակարդակը և պատճառները նորմալ չի գնահատվել, այսինքն՝ ելնում ենք ինչ-որ անձանց, գուցե հիմնավոր, գուցե անհիմն ենթադրություններից»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչի դեմն են ուզում առնեն: «Սկզբում պնդում է արվում, թե բոլոր դատավորները կոռումպացված են, հետո ասում են՝ 10 տոկոսն է կոռումպացված, ասում են՝ բոլոր դատավորները տգետ են, հետո ասում են՝ մի մասն է տգետ: Պետք է առաջինը հասկանանք, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, եթե հասարակության վստահության խնդիրն է, խնդրեմ, այդ վստահության հարցը մարդկանց փոխելով չի լուծվելու, վստահության խնդիրը լուծելու համար պետք է շատ ինտեսիվ հաղորդակցություն տեղի ունենա: Պետք է մարդկանց ասվի՝ եթե դուք հարկը չեք վճարում, դատավորն ասում է պետք է վճարեք, դա չի նշանակում, որ դատավորը վատն է: Եթե օրենքը վատն է, այդտեղ դատավորը մեղավոր չէ»,- շեշտեց նա:

Փաստաբանի կարծիքով՝ համակարգի լրջագույն խնդիրներից է դատական ծանրաբեռնվածությունը, ինչի արդյուքնում ուղղակիորեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խաթարվում է:

Ինչ վերաբերում է նրան, որ պետք է լուծվի դատական համակարգում կոռուպցիայի հարցը, նա նշեց, որ դատական կոռուպցիայի խնդրի մասին շատ է լսել, բայց ոչ մի հիմնավորում չի տեսել: «Կարևոր է՝ հասկանալ, որ դատարանը կարող է սխալվի և պարտադիր չէ այդ դեպքում դիտարկել կոռուպցիոն կոմպոնենտ, պարտադիր չէ միշտ դիտարկել, որ դատարանը դա անում է ապօրինի գործընթացներով: Բացի այդ, այսօր գործող կարգավորումներով էլ կարող են պայքարել նման դատավորների դեմ: Մենք այսօր իրականում արդարադատության արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր ունենք»,- նկատեց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է  դատավորների կախյալ լինելուն՝ նա նշեց. «Կախյալության խնդիրը հետևյալն է՝ եթե մենք դատավորներին շատ ենք փոխում  ու բերում ենք դատավորներ, որոնք ունեն քաղաքական որոշակի մտածելակերպ, իրենց պետք էլ չի լինելու ոչ մի բան ասել, իրենք այդ լույսի ներքո դիտարկելու են խնդիրները: Ես չեմ ասում, թե դատարանում խնդիրներ չկան, բայց այդ խնդիրները չեն վերլուծվել և դրա արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք: Ես տեսնում եմ, որ այս փոփոխությունները չեն բերելու կամ ունակ չեն բերելու դատական համակարգում զգալի դրական արդյունքի»:

Նրա կարծիքով՝ պետք է լայն ներառական քննարկման պորցես լիներ, որովհետև այն քննարկումները, ինչ եղել է դատական բարեփոխումների շրջանակներում, շատ դժվար է անվանել բարեփոխումների քննարկումներ: «Երբ մենք մասնակցել ենք դրանց, ինչ-որ խնդիր ենք բարձրացրել, ասել են՝ սա հետո, սա դուք չեք հասկանում և այլն: Այսինքն՝ իրականում ներառական պրոցես, հանրային լուրջ քննարկում չի եղել»,- ասաց նա:

Ոլորտի խնդիրներից նա նշեց այն, որ պետք է կարողանան հայցադիմուներն ուղարկել էլեկտրոնային եղանակով: «Պետք է էլեկտրոնային արդար դատավաարություն լինի, դատալեքսի հնարավորություններն ավելի ընդլայնվեն: Նմանատիպ հարցեր կան, որոնք պետք է շտկվեն, բայց մենք ամեն անգամ գալիս ասում ենք՝ դատավորները լավը չեն: «Այդպես մենք երբեք լավ դատավոր չենք ունենալու այն իմաստով, ինչով որ մենք տեսնում ենք: Մեր դատական համակարգն էականորեն ավելի լավն է, քան մարդկանց զգալի մասը կարծում է:  Այս նախագծով չեմ տեսնում խնդիրների լուծումը: Ցանկանում են ինչ-որ ֆունդամենտալ մարմին ստեղծեն. բարեվարքություն քննարկեն: Խնդրեմ՝ դրանք պետք են, քննարկենք մոդելը, բայց միշտ հարց է առաջանալու, եթե դատավորների ստուգող կա, էդ ստուգողներին ո՞վ է ստուգելու, ստուգողների ստուգողներին ո՞վ է ստուգելու: Ու պնդումը, թե ժողովուրդն իրենց վստահել է՝ արգումենտ չէ: Ցանկացած ժողովուրդ ցանկացած իշխանության այդ պահին ինչ-որ չափով վստահում է: Կարևոր է, որ  4-5 տարի հետո հաջորդ իշխանությունը չասի՝ դրանք էն հնի նշանակածներն են, պետք է նորից փոխել»,- շեշտեց փաստաբանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ