26 02 2020

Քաղաքականացված և կանխակալ մոտեցում «Մարտի 1»-ի գործին

Քաղաքականացված և կանխակալ մոտեցում «Մարտի 1»-ի գործին

«Իմ Ձայնը» նախագծի անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանը գրում է.

«Մարտի 1-գործով երեկվա դատական նիստով կարելի էր հերթական անգամ այդ դատավարությունը ավարտված համարել։ Մեղսագրվող արաքի իրավական հիմնավորումների անորոշությունը բավարար է ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին խոսելու համար։ Պաշտպանական կողմի բերված հիմնավորումներին առ այն, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում, մեղադրանքի կողմից այդպես էլ հիմնավոր մեկնաբանություններ չտրվեցին:

Հավանաբար բարդ է մեկնաբանել գործընկերների մոտեցումը, համաձայն որի օրենսգրքի փոփոխության արդյունքում հայտնի «7-ի գործով» անցնող անձանց մեղադրանքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ կայացվել էր որոշում, որով «7-ի գործով» մեղադրող դատախազները համարել են հանցանք կատարած անձի վիճակը վատթարացնող, և նկատի ունենալով հանգամանքը, որ ըստ քրեական օրենսգրքի «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող» օրենքը հետադարձ ուժ չունի՝ հրաժարվել են «7-ի գործով» մեղադրյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի մեղադրանքից, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Քոչարյանին վերագրվող արարքը ևս 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ է, այսինքն` նույն ժամանակահատվածի, երբ քրեական օրենսգրքում դեռևս փոփոխություններ տեղի չէին ունեցել և դրանում առկա չէր քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այս դեպքում ևս, ինչպես «7-ի գործով» անցնող անձանց, չէր կարող վերագրվել մի հոդված, որն անձի վիճակը վատթարացնող է:

Հետաքրքրական է, որ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու որոշում կայացրած Վճռաբեկ դատարանի դատավորների կազմում է նաև դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Վերջինս եղել է այն դատախազների կազմում և ստորագրել այն որոշման տակ, որով «7-ի գործով» ամբաստանյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ պայմանավորված քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հանգամանքով:

Եվ եթե դատավոր Աննա Դանիբեկյանը մերժի պաշտպանական կողմի միջնորդությունը, իսկ մերժման որոշումներ նա կայացնում է հեշտությամբ, արդեն գրեթե սովորույթի ուժով, ապա նա դրանով սկիզբ է դնելու «7-ի գործով» դիրքորոշման վերանայման համար։

Եվ վերջում, այն, ինչ այսօր լսում ենք դատարանում, ցավոք, ապացուցում են կանխակալությունը, որ այսօր որդեգրվել է որպես ընդհանուր գիծ՝ մարտի 1-ի գործի շրջանակներում։ Այդ մասին է վկայում նաև դատարանում տուժողի ներկայացուցչի կողմից հնչեցրած հայտարարությունը, որ ոստիկանությունը ուղղակի ենթարկվում էր նախագահին, ինչին ի պատասխան Քոչարյանը ստիպված եղավ հիշեցնել, որ նախագահը Սահմանադրությամբ այդպիսի լիազորություն չուներ, և որ ոստիկանությունը կառավարության առընթեր մարմին էր։

Ասում եմ ցավոք, քանի որ ամեն նման գործընթացի պատճառով մեր երկրում պարտվում է իրավունքը, պարտվում է օրենքը։ Իրավական գրագիտությունը և անաչառությունը պետք է գերակա լինեն, առավել ևս՝ նման հնչեղության գործերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ