19 02 2020

Պաշտոնյան կաշառք ստանալիս բռնվել է և ձերբակալվել․ԱԱԾ



ԱԱԾ-ում փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի եւ հաշվետվությունների փորձաքննություն եւ դրա կատարման ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ, անտեսելով փորձաքննության գործընթացի հետ կապված ձեռնարկողին խորհրդատվություն տրամադրելու արգելքը, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու եւ դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել եւ 2019 թ. սեպտեմբերից մինչեւ 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ի լրատվության ծառայությունը։

Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է կաշառքի առարկան։

Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան եւ փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ