Ինչպես գիտենք, 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունվեց և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները, որոնք, սակայն, չի ստորագրվել Նախագահի կողմից և ուղարկվել է Սահմանադրական Դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «GPartners» իրավաբանական գրասենյակի ավագ իրավախորհրդատու Իրինա Դանիելյանի հետ։
- Այս նախագիծն ի՞նչ է իրենից ենթադրում և ի՞նչ ռիսկեր է պարունակում։
Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունները ենթադրում են, ըստ էության, իրավապահ մարմինների համար անձի բանկային տվյալներին նախկինի համեմատ առավել լայն հասանելիություն։
Եվ թիրախավորվել այս պարագայում կարող են ոչ միայն ենթադրյալ հանցանք կատարած անձինք, այլև դրան, ըստ էության, որևէ առնչություն չունեցողները:
Փոփոխությունների արդյունքում իրավապահ մարմիններին չափազանց լայն լիազորություններ են տրվում, ինչը վստահաբար կարող է չարաշահումների տեղիք տալ: Բացի այդ, հաշվի առնելով զարգացումները, որոնց ականատեսն ենք, մեծ է հավանականությունը, որ այս գործիքն առավելապես օգտագործվելու է քաղաքական դրդապատճառներով:
- Արդյո՞ք սա նշանակում է, որ նման օրենսդրական փոփոխությունների արդյունքում բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրումը առավել դյուրին կդառնա, և այդ տեղեկությունների տրամադրումը արդեն հնարավոր կլինի նաև առանց դատարանի որոշման:
Իրականում, ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հնարավոր կլինի ստանալ բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այս կարգավորումն, ըստ էության, չի ենթարկվում փոփոխության: Այնուամենայնիվ, նախագծերի փաթեթը խիստ խնդրահարույց է բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմը մեղմացնելու տեսանկյունից:
Ակնհայտ է, որ օրենսդրական այս փոփոխությունների իրական միակ նպատակը իրավապահ մարմինների լիազորությունների ընդլայնումն է: Արդյունքում, կոռուպցիայի դեմ պայքարի «սոուսի տակ» կրկին անհամաչափորեն ընդլայնվում են պետական մարմինների իրավասությունների շրջանակը, և խաթարվում է բանկային գաղտնիքի ինստիտուտը:
- Հատկապես որո՞նք են նախագծերի փաթեթի խնդրահարույց դրույթները և ինչու՞:
Նախագծով սահմանվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Սա նշանակում է, որ իրավապահ մարմնի ցանկության պարագայում ցանկացած անձի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հասանելի դառնալ:
Իհարկե, երրորդ անձի՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հնարավոր կլինի ստանալ միայն որոշակի նախապայմանների առկայության պարագայում, սակայն այդ նախապայմանները չափազանց մեղմ են, և այդ պայմանների ապահովումը որևէ դժվարություն չի ներկայացնի վարույթ իրականացնող որևէ մարմնի համար: Նախագծում նշված այդ չափորոշիչները ձևակերպելիս օգտագործվում են չափազանց վերացական արտահայտություններ, դրանք կրում են սուբյեկտիվ բնույթ, ինչի արդյունքում ցանկացած իրավիճակ հնարավոր է հարմարեցնել անհրաժեշտ պայմաններին:
Բացի այդ, Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք փաստացի զրկված են պաշտպանության իրենց իրավունքից: Խնդիրն այն է, որ դատարանի որոշումն իրենց հայտնի է դառնում արդեն նախաքննության ավարտից հետո: Այսինքն, ի տարբերություն այլ քննչական կամ դատավարական գործողությունների, որոնց կատարման պահին անձն առնվազն տեղեկացված է դրանց մասին, քննիչի կողմից անձի բանկային հաշիվները լայնորեն ուսումնասիրելու մասին անձին հայտնի է դառնում շատ ավելի ուշ: Այսինքն, գաղտնիք պարունակող տեղեկությունները ստացվում են առանց անձի իմացության:
Նման կարգավորումերը հակասում են Սահմանադրությանը, միջազգային լավագույն փորձին, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին:
- Ի՞նչ բացասական հետևանքների կարող են հանգեցնել օրենսդրական այս փոփոխությունները:
Բանկերը, ի թիվս այլոց, ունեն նաև ազատ ֆինանսական միջոցներն ի պահ վերցնելու և դրանք տարբեր ոլորտներում տեղաբաշխելու գործառույթ։ Եվ ակնհայտ է, որ անձանց հաշիվների վերաբերյալ տեղեկությունների պաշտպանվածության մակարդակի նվազման պարագայում, ի պահ տրվող գումարները ևս էականորեն կարող են նվազել։ Չի բացառվում նաև, որ առկա գումարները դուրս հանվեն բանկերից և պահվեն այլ եղանակներով /կանխիկ, այլ երկրների բանկերում և այլն/։ Այս փոփոխությունները կվնասեն նաև երկրի միջազգային ներդրումային վարկանիշին: Իհարկե, այս փոփոխությունները բացի ֆինանսական հնարավոր բացասական հետևանքներից լուրջ իրավական ռիսկեր ևս պարունակում են:
Պետական վերահսկողության սահմանների այս կտրուկ ընդլայնումը տեղի է ունենում երկրի բոլոր ոլորտներում, ինչը խիստ մտահոգիչ է:
- Ի՞նչ որոշում կկայացնի Սահմանադրական Դատարանն, ըստ Ձեզ:
Չեմ կարող, իհարկե, կանխատեսել Սահմանադրական Դատարանի որոշումները, այնուամենայնիվ, նշված օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը