06 02 2020

Այդ նյութում այնպիսի բաներ կան, որ չե՞ք ուզում պաշտպանները տեսնեն․ հարց դատախազին



«Մարտի 1-ի մայր գործի նյութում այնպիսի բան կա՞, որ չեք ուզում պաշտպանները տեսնեն»,- Վերաքննիչ դատարանում Yerevan.Today-ը հարց ուղղեց դատախազ Պետրոս Պետրոսյանին։

«Ձեր հարցին փոքր ինչ այլ բովանդակությամբ է, ես այլ տեսակետից պատասխանեմ։ Այստեղ թաքցնելու կամ չցանկանալու որևէ հանգամանք չի կարող լինել։ Մենք գործում ենք լիազորությունների շրջանակներում, օրենքի սահմաններում, քրեադատավարական կառուցակարգերը հստակ սահմանում են դեպքերը՝ երբ կարող են քրեական գործով նյութերին ծանոթանալ։ Մենք մտավախություններով չենք առաջնորդվում։ Եթե կա նման ընթացակարգ, որն օրենքից և իրավունքից է բխում, մենք առաջնորդվում ենք։ Վերաքննիչ դատարանը փարատեց մեր մտահոգությունները»։

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց դատախազության բողոքը։ Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը հրապարակելուն։2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հայցը և պարտավորեցրել ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։

Դատախազությունը բողոքարկել էր դատարանի նշված որոշումը։ Արմեն Դանիելյանն էլ բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը։Դատական նիստին պաշտպանական կողմը չէր մասնակցում։ Ինչպես հայտարարել էր Հովհաննես Խուդոյանը, իրենք այս դատավորից դրական սպասելիք չունեն, քանի որ գործով կանխակալ մոտեցում ունի։ Խուդոյանը մինչ այդ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Դանիելյանին, որը մերժվել էր։

Որոշումը կարող է բողոքարկվել 15-օրյա ժամկետում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ