«Փաստինֆո»-ն ներկայացրել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին:
2020թ․ հունվարի 30-ին Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ, ավելացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (http://parliament.am/drafts.php?sel=introduction&lang=arm, 136-138-րդ կետեր, հեղինակ՝ Վահագն Հովակիմյան)։
Նույն օրը՝ երեկոյան խորհրդարանի պաշտոնական կայքը հայտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2020թ. փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` վերոհիշյալ նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ Հավանաբար, պարզելով, որ արտահերթ նիստի նշանակումը խախտում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջները, նշված հայտարարությունը, հաջորդ օրը՝ հունվարի 31-ին հանվեց ԱԺ կայքից (http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12602&year=2020&month=01&day=30&lang=arm):
Քաղաքական իշխանության համար օրակարգի հարց դարձած Սահմանադրական դատարանի խնդրին վերաբերող այդ փաթեթը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը:
Այս նյութում ներկայացվող հիմնավորումները առավելապես ուղղված են մեր հասարակության իրավաբանական համայնքին: Սակայն, իրավաբան չհանդիսացող անձանց համար ստորև երկու հակիրճ պարբերությամբ կներկայացնեմ խնդրի բուն էությունը.
Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող:
Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է արվում վերացնել այս պարտադիր պահանջը՝ «հիմնավորելով» այն որպես Ազգային ժողովի հայեցողություն՝ կցանկանա, կդիմի Սահմանադրական դատարան, չի ցանկանա, չի դիմի: Ավելին, նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի Սահմանադրական դատարան, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա:
I. Ինչո՞վ է նախագծերի փաթեթը հակասահմանադրական
1. Նախագծերի փաթեթով, ըստ էության, վերացվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին նախադասությունը, որը սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունելու կամ այն հանրաքվեի դնելու համար նախատեսում է նախնական սահմանադրական վերահսկողություն՝ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու պահանջի ձևով։
2. Նախագծերի փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ իբր «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող «Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում»։
3. Մինչդեռ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահել մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը ստուգել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը՝ անկախ այն հանգամանքից՝ Սահմանադրության փոփոխությունը կատարվում է հանրաքվեի միջոցով, թե Ազգային ժողովի կողմից։ Սահմանադրական վերահսկողության նպատակը ստուգելն է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրության մեջ չառաջանան ներքին հակասություններ։
4. Այս կարևոր նպատակից ելնելով էլ՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը Ազգային ժողովի համար որպես պարտականություն է սահմանել Սահմանադրական դատարան դիմելը՝ Սահմանադրության փոփոխության հարցով․«2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը ․․․ վերաբերող հարցերով»։
5. Այն, որ Սահմանադրական դատարան դիմելն այս պարագայում Ազգային ժողովի պարտականությունն է, հստակ երևում է նաև 169-րդ հոդվածի սիստեմատիկայից, որի 1-ին մասում նախատեսված են այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան սուբյեկտների հայեցողությունն է։ Դա հստակ արտահայտված է «կարող են դիմել» բառակապակցությամբ։ Օրինակ, պատգամավորների մեկ հինգերորդը, կառավարությունը կարող են նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով դիմել Սահմանադրական դատարան։
6. Մինչդեռ, 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով՝ առանձին մասերի տեսքով, կարգավորված են այն դեպքերը, երբ Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան մասերում նշված սուբյեկտների պարտականությունն է։ Այս մասերում բացակայում է «կարող են դիմել» բառակապակցությունը, փոխարենը օգտագործվում է «դիմում է» բառակապակցությունը: Այս նույն տրամաբանության մեջ, 169-րդ հոդվածի 2-րդ մասը որպես պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի համար Սահմանադրական դատարան դիմելը նաև վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցերով (նույն 2-րդ մաս), կառավարության համար՝ միջազգային պայմանագրերի վավերացման հարցերով (3-րդ մաս), դատարանների համար՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով (4-րդ մաս), Ազգային ժողովի խորհրդի համար՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ (5-րդ մաս)։
7. Հակառակ մեկնաբանման պարագայում կհանգենք այն զավեշտալի և վտանգավոր եզրակացության, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելը համապատասխան սուբյեկտի իրավունքն է։ Նման անհեթեթ մեկնաբանության դեպքում կստացվի, որ կարող են վավերացվել միջազգային պայմանագրեր, կամ հանրաքվեով ընդունվել օրենքներ, որոնք հակասում են Սահմանադրությանը։
8. Շատ տարօրինակ է, որ նախագծերի հիմնավորման մեջ օրենսդրական նախաձեռնության հեղինակը, մեկնաբանելով 169-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, միանգամայն իրավացիորեն գալիս է այն եզրահանգմանը, որ «Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը» նախադասության մեջ «Սահմանադրական դատարան է դիմում» արտահայտությունը ենթադրում է պարտականություն, սակայն ամբողջությամբ անտեսում է դրան նախորդող 1-ին նախադասությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցով նույնպես օգտագործված է նույն կոնստրուկցիան` «Սահմանադրական դատարան է դիմում» Ազգային ժողովը։
9. Առաջին հայացքից «պարզունակ» թվացող այս օրենսդրական նախաձեռնությունը իրականում ունի հստակ և իր հետևանքներով վտանգավոր քաղաքական նպատակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը և փոփոխությունների սահմանադրականության ստուգումը։Սահմանադրության նման ակնհայտ անտեսումը դառնում է վտանգավոր գործելաոճ։
II. Արտահերթ նիստի հրավիրման կարգի խախտումները
Ազգային ժողովի՝ 2020թ. փետրվարի 6-ի արտահերթ նիստը հրավիրվել էր նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն (7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետի հետ կապի մեջ)՝ պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ ԱԺ խորհրդի որոշմամբ: Այսինքն՝ առանց ԱԺ խորհրդի որոշման հնարավոր չէր արտահերթ նիստի օրակարգում դնել նախագիծը և՛ առաջին, և՛ երկրորդ ընթացմամբ քննարկելու հարցը։ Հետևաբար, հակասահմանադրական նախագծերի փաթեթը քննարկելու համար արտահերթ նիստը հրավիրվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգի խախտմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը