Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, 2020 թ. հունվարի 29-ին՝ քննարկելով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի վերաբերյալ հարցը, պարզել է քննչական մարմինների կողմից իրականացված հեռախոսային գաղտնալսման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՓՊ հանրային կապերի ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության՝ 2019 թ. նոյեմբերից 2020 թ. հունվար ամիսների ընթացքում 5 փաստաբանի հետ կապված արձանագրվել են հետևյալ դեպքերը՝
1) ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այնուհետև, քննիչի կողմից զննվել են այդ խոսակցությունները, դրանք արտացոլվել են համապատասխան արձանագրության մեջ և կցվել քրեական գործին։ Այս դեպքը փաստաբանը պարզել է 2019թ. դեկտեմբերին:
2) ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից գաղտնալսվել են փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի, ինչպես նաև նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները: 04.11.2019թ. և 06.11.2019թ. քննիչի կողմից կատարվել է զննում և հեռախոսային խոսակցությունների վերծանում: Այդ խոսակցությունները կցվել են քրեական գործին:
3) 2020 թվականի հունվարի 4-ից փաստաբան Հայկ Ալումյանի՝ փաստաբանական գործունեության շրջանակում օգտագործվող էլեկտրոնային փոստը, իրենից անկախ պատճառներով դարձել է անհասանելի: Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով, իր էլեկտրոնային փոստի «կոտրումն» ուղիղ կապ ունի իր վարույթում գտնվող հայտնի քրեական գործի հետ, քանի որ այլ անձանց համար իր էլեկտրոնային փոստը հետաքրքրություն չի կարող ներկայացնել:
4) 2020 թ. հունվարի 23-ից փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի: Փաստաբան Ա.Կիվիրյանի կարծիքով դա կապված է իր մասնագիտական գործունեության հետ, քանի որ նա ներկայացնում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շահերը՝ վերջինիս մասին 12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակված նյութի մեջ տեղ գտած տեղեկությունները հերքելու հարցով: 23.01.2020թ. հայտարարություն տարածելուց հետո, երբ հրապարակային կարգով տեղեկացրել են, որ ինքն է ներկայացնում Արթուր Վանեցյանի շահերը, իր էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի:
Փաստաբանների պալատի խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում վերը նշված դեպքերի կապակցությամբ:
ՀՀ Սահմանադրության 33-րդ և 64-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի, 1990թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 22-րդ կետի, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ և 25-րդ հոդվածների, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ակնհայտ բխում է, որ օրենսդիրը փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ուղղակի արգելք է սահմանել և չի նախատեսել որևէ բացառություն, որը կապված կլինի հեռախոսային խոսակցության բովանդակության հետ։
Նշված նորմերը կոչված են երաշխավորելու փաստաբանների անկախությունը, վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու) ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը, ինչպես նաև որևէ կերպ փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Գործնականում հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հիմքով:
Փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ նախադեպային մի շարք դեպքերով արձակված վճիռների հիման վրա նշված դեպքերով պատասխանատվություն է կրում պետությունը և պետք է միջոցներ ձեռնարկի նման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Փաստաբանների պալատի խորհուրդը
1. ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է փաստաբանների էլեկտրոնային փոստի հասանելիության և գաղտնիության խախտման, ինչպես նաև քննչական մարմինների կողմից փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործողությունները:
2. ՊԱՀԱՆՋՈՒՄ Է պետական իրավասու մարմիններից՝
- պատասխանատվության ենթարկել փաստաբանների և վստահորդների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած և քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին,
- ոչնչացնել այդ նյութերը,
- հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը