Սահմանադրական դատարանի նախագահի պաշտպաններից Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․ Ասատրյանին՝ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրով հեռարձակված ռեպորտաժի կապակցությամբ, որն առնչվում էր Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին։
«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթում գտնվող քրեական գործում եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել են Հատուկ քննչական ծառայության կողմից»,-ասված է հարցման տեքստում։
Փաստաբանը նշել է այն նորմերը, որոնց մեկնաբանությունը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է ոչ միայն զերծ մնան նման գործողություններից, այլև առավելագույնս ապահովեն նշված հանգամանքների գաղտնիությունը, մինչև մինչդատական փուլի ավարտը։
Միհրան Պողոսյանը խնդրել է պարզաբանել՝ արդյո՞ք ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկություն, և ի՞նչ իրավական ընթացակարգի հիման վրա է դա արվել՝ շրջանցելով «ՍԴ դատավորի անձեռնմխելիության մասին» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը