30 01 2020

Եթե Մերկելը Գերմանիայի ՍԴ նախագահի մասին նման բան ասի, հետևանքը Մերկելի հրաժարականը կլինի. Գոռ Հովհաննիսյան․ 168.am

Եթե Մերկելը Գերմանիայի ՍԴ նախագահի մասին նման բան ասի, հետևանքը Մերկելի հրաժարականը կլինի. Գոռ Հովհաննիսյան․ 168.am

168.am-ը գրում է․

«Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանի հետ, ում, հիշեցնենք, 2019թ. ապրիլի 16-ին Ազգային ժողովը (ԱԺ) չընտրեց որպես ՍԴ դատավոր:

– Սահմանադրական դատարանի ու, մասնավորապես, Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ձեր գնահատականը ո՞րն է, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր առավոտյան կատարած այն գրառման համատեքստում, թե «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

– Դա իրավաբանական հարց չէ, ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, որովհետև, կարծում եմ, որ քաղաքագետներն ավելի կոմպետենտ են այդ հարցում: Եթե բուն իրավունքի հետ կապված հարց ունեք, ես կփորձեմ պատասխանել:

– Զուտ իրավական տեսանկյունից, այն տեսանկյունից, որ իշխանության մի ճյուղի ղեկավարը նման հայտարարություն է անում իշխանության մյուս ճյուղի ղեկավարի վերաբերյալ՝ ըստ էության միջամտելով վերջինիս աշխատանքներին, ի՞նչ է նշանակում: Սրա իրավաբանական ձևակերպումը ո՞րն է:

– Հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե արդյո՞ք որևէ լիազորությամբ արդարացվում է այս կամ այն պաշտոնատար անձի քայլը կամ արտահայտությունը: Ես կարծում եմ, որ բոլոր պետական մարմինները, հատկապես՝ սահմանադրական մարմինները, ինչպիսիք են Կառավարությունը, Ազգային ժողովը, պետք է ցուցաբերեն չափազանց մեծ հարգանք մյուս մարմինների ընդունած որոշումների հանդեպ: ՍԴ-ն ինքը ոչ քաղաքական մարմին է, դատարան է ու քաղաքականությամբ չի զբաղվում և չի կարող իրեն թույլ տալ այդպիսի քաղաքական հայտարարությունների դեպքում նույն կերպ պատասխանել իշխանության մյուս թևերին, ինչպիսիք են, օրինակ, Խորհրդարանն ու Կառավարությունը, որոնք ի սկզբանե հենց քաղաքական մարմիններ են, ու հենց նրանց կողմից են հնչում քաղաքական գնահատականները, ինչը շատ նորմալ է: Այս տեսանկյունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը չի կարող պատասխանել այդ հայտարարություններին, պետք է Կառավարությունն ու Խորհրդարանը ևս որոշակի զսպվածություն ցուցաբերեն:

Ես այսպես եմ գնահատում. թեև այս տեսանկյունից նման քաղաքական հայտարարությունների պրոբլեմ չկա, բայց, միևնույն է, իմ կարծիքով՝ պիտի չափազանց մեծ զսպվածություն ցուցաբերեն սահմանադրական նշյալ մարմինները՝ մեկը մյուսի հանդեպ արտահայտություններ անելիս: Երբ Հայաստանում ինչ-որ մեկը մի բան է հայտարարում, ես փորձում եմ այդ նույն բանը պատկերացնել Գերմանիայում, ու դեպքերի 99.9%-ում ես չեմ կարողանում նման բան պատկերացնել: Ուղղակի բացառվում է: Օրինակ, եթե ես պատկերացնեմ, թե Անգելա Մերկելը հրապարակավ Գերմանիայի ՍԴ նախագահ, պրոֆեսոր Ֆոսկուլեի մասին է նման բան ասում, չեմ չափազանցնի՝ հետևանքը կլինի Մերկելի հրաժարականը հենց նույն օրը:

Ոչ ոք դա ուղղակի չի հանդուրժի: Դա ուղղակի աներևակայելի է: Բայց մշակույթն այս երկրում ու Հայաստանում տարբեր են, այդ թվում՝ և քաղաքական մշակույթը: Մենք պիտի փորձենք զարգացնել նաև այդ ոլորտը: Ոչ թե՝ ինչ մտքներովս անցնի, երբ ուզենք, ինչ ուզենք՝ ասենք, այլ մտածենք, որ դրա համար էլ սահմաններ կան:

– Այսինքն՝ ճի՞շտ ենք հասկանում, որ եթե Հրայր Թովմասյանը քաղաքական զսպվածություն է ցուցաբերում և քաղաքական բանավեճի մեջ չի մտում, քաղաքական հայտարարություններ չի անում ի պատասխան, ինչի իրավունքը, ըստ էության, չունի էլ, սահմանադրական մյուս մարմիններն առիթից օգտվում են ու անընդհատ թիրախավորված ինչ-որ բաների մեջ են մեղադրում ՍԴ նախագահին:

– Ես չգիտեմ՝ պատճառը ՍԴ-ի քաղաքական չեզոքությունն է և այդ առիթից օգտվելո՞վ են այդ հայտարարություններն անում, թե՞ չէ… Ես ենթադրում եմ՝ պատճառը դա չէ: Բայց եթե դիմացինը չի կարող քեզ պատասխանել նույն կերպ, նույն զենքերով, պատերազմն էլ ազնիվ չէ: Ես գտնում եմ, որ ցանկացած վեճ, այդ թվում և՝ բարձրագույն պետական մարմինների միջև վեճերը, պիտի լուծվեն իրավունքի ճանապարհով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ